Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 7-ին, հետաձգվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը՝ փաստաբանների չներկայանալու պատճառով:

Նշենք, որ այսօր փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա են իրականացնում՝ Ազգային ժողովից պահանջելով հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները և քննարկումներ կազմակերպել այդ հարցի շուրջ:

 

Դատավոր Մակյանը հայատարարեց, որ գործին մասնակցող պաշտպաններից ոչ մեկն այսօրվա դատական նիստին չի ներկայացել. «Դիմում ունենք միայն պաշտպան Արա Ղարագյոզյանից, ով նշել է, որ Հայաստանի բոլոր փաստաբանները 07.02.2018-ին իրականացնելու են գործադուլ՝ ընդդեմ փաստաբանների նկատմամբ կիրառվող ապօրինի տուգանքի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա Ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Դատական նիստը հետաձգվեց:

Տեսանյութը՝ 1in.am