Հայաստանում գոյություն ունի մի անհասկանալի, ոչ մեկին պետք չեկող, որևէ օգտակար բան չկատարած կառույց: Կոչվում է Հանրային խորհուրդ: Արդեն քանի տարի է` այն գործում է, և ոչ ոք այդպես էլ գլուխ չհանեց, թե ինչ նպատակի է ծառայում: Հանրային խորհուրդը կարելի էր առանց ափսոսանքի լուծարել, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի անձը: Իշխանությունը նրան պաշտոն է տվել, և նա լիովին բավարարված է այդ պաշտոնով: Հանրային խորհրդի լուծարվելու դեպքում առաջանալու էր Մանուկյանին նոր աշխատանքով ապահովելու խնդիրը, իսկ ավելի հարմար աշխատանք դժվար է մտածել: Սակայն այս անիմաստ կառույցը լուծարելու մտադրություն իշխանությունները կարծես թե չունեն: Ավելին՝ փետրվարի 6-ին գումարված ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ քննարկվելու է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը: Եվ այդ խորհրդի մասին օրենքում ֆիքսում է, որ այն մի անիմաստ մարմին է, որը կարող է ընդունել որոշումներ, որոնք որևէ ազդեցություն չունեն, որովհետև ունեն խորհրդատվական բնույթ: Համաձայնեք՝ շատ անկեղծ ձևակերպում է:
 
Փորձենք հիշել, թե այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ինչ կարեւոր հարցեր են լուծվել Խորհրդի նախաձեռնությամբ: Հիշենք՝ Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով քննարկումների ժամանակ, որին, ի դեպ, Խորհուրդը միացավ բավականին ուշացումով, Խորհրդի նախագահը ծաղրում էր հենց իր գլխավորած հաստատությունը, թե 10 հատ տանկ ունեն այդ խնդիրները լուծելու համար: Հեռու չգնանք՝ օր-օրի ահագնացող գնաճից ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող հարց կարելի՞ է գտնել: Իսկ ինչո՞ւ Հանրային խորհուրդը չի կարող քննարկել վերը նշված կարեւորագույն հարցերը եւ համապատասխան որոշումներ ընդունել: Այդ խնդիրների լուծումների ուղղությամբ լծակնե՞ր չունեն, թե՞ իշխանություններին այդ հարցերում նեղելու կամ հակադրվելու ցանկություն: Երկու դեպքում էլ, ելնելով Խորհրդի անպտուղ եւ անիմաստ գործունեության արդյունքից, Հանրային խորհրդի նախագահի եւ անդամների կողմից բարոյական քայլ կլինի ինքնակամ հրաժարական ներկայացնելը եւ այդ Խորհուրդ կոչված ավելորդությունը լուծարելու հարց բարձրացնելը:
 
Ժամանակին նրանցից մի քանիսն Ազգային ժողովում եւ այլուր թմբկահարում էին «մազութը լափելու» մասին: Մեզ՝ հանրության ներկայացուցիչներիս համար որեւէ տարբերություն չկա «մազութ լափողի» եւ հանրային բյուջեի գումարները չարդարացված աշխատավարձերի, ավտոմեքենաների, գույքի, ճոխ գործուղումների, էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերի ձեւով լափողի միջեւ: Իսկ բյուջեից այդ հատկացումների գումարները պատկառելի թվեր են կազմում:Ինչո՞ւ Հանրային խորհուրդը չի փորձում կանխել այս նոր լափումները: Ուրեմն էլ ինչի՞ համար է ստեղծված այդ կառույցը: Գուցե նրա համար, որ տպավորություն ստեղծվի, թե ժողովուրդը, հանրությունը վերահսկո՞ւմ է երկրում ընթացող կարեւորագույն գործընթացները: Վազգեն Մանուկյանն ապրիլին ընդառաջ պատրաստվում է բուռն աշխատանքի իմիտացիա ստեղծել: Այդ մասին է վկայում Հանրային Խորհրդի՝ համահայկական կառույցներ ձևավորելու մտադրությունը: Ինպես ասում են՝ իբր իրենք քիչ են…
 
Իսկ թե ինչ կարիք կա անպետքությունը կրկնապատկել ու բազմապատկել՝ սա արդեն միայն Վազգեն Մանուկյանը կիմանա: Եթե Հանրային խորհրդի կյանքն այսքան չերկարեր, հազիվ թե նույն խորհուրդն այսօր լույս աշխարհ բերեր իր նմանակներին` ավելի ընդարձակ փաթեթավորմամբ:
 
Ստելլա Խաչատրյան