«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսկ ՀՀ քննչական կոմիտեն «կրծքով» պաշտպանեց երեկ ձերբակալված Շուշանյանին

Դեռևս անցած տարվա հունիսի 16–ին «Փաստ» օրաթերթը (թիվ 107) գրեց «Նոր ու սարսափազդու մանրամասներ Ալավերդու քրեական իրավիճակից բացահայտ գործում է երկու խմբավորում» վերնագրով հոդվածը:
 
 

Նյութի մեջ շեշտել էինք, որ Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը հանցագործ խմբավորումներից մեկի ղեկավար Վահագն Աբգարյանի երեխաների քավորն է և պարտակում է հանցագործությունները:

Երկու օր անց ՀՀ քննչական կոմիտեն յոթ էջանոց պատասխան նամակ ուղարկեց «Փաստ»–ի գլխավոր խմբագրին: Այդ պատասխանը տպագրվեց թերթի հունիսի 20–ի համարում:

Քննչական կոմիտեն նամակում «կրծքով» պաշտպանում էր Շուշանյանին՝ յոթ էջով ներկայացնելով նրա անուրանալի ծառայությունները հանցագործությունները բացահայտելու գործում: Իսկ նամակի վերջում Քննչական կոմիտեն պաշտոնապես հերքում էր` պնդելով, թե Շուշանյանը հանցագործ Աբգարյանի քավորը չէ: Իբր դա հերյուրանք է նրա հասցեին:

Իսկ երեկ յոթ ամիս առաջվա մեր գրածը հաստատվեց: Շուշանյանը Աղվան Հովսեփյանի ձեռամբ հեռացվել է աշխատանքից ու ձերբակալվել հանցագործներից խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով:

Իսկ մեր նյութում մասնավորապես գրել էինք. «Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել): Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը:

Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով:

Մեկ տարի առաջ՝ «կիսագողական» ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» ատրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի խմբի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին և ալավերդցի Վարդան Ավագյանին: Մինչ օրս նա հետախուզման մեջ է:

Եվ ահա երկու օր առաջ Վահագնի խմբին «հարող» Վալերի (Վալոդիկ) Դավթյանը ասես վրեժ լուծեց՝ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:

Այս նոր սպանության առիթով հայտարարվեց, թե մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանը քննչական խումբ է ստեղծել, հարուցվել է քրեական գործ (սպանություն, ապօրինի զենք–զինամթերք կրել, պահել, օգտագործել):

 

Իսկ որտե՞ղ էին մինչ այդ նույն Շուշանյանը, մարզի ու Ալավերդու իրավապահ մարմինները: Անտեղյա՞կ են մշտապես զենք–զինամթերք կրող, զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջապատված, ահ ու սարսափ տարածող այս խմբավորումների գոյության մասին: Այն դեպքում, երբ սպանություններ արդեն եղել էին:

Ասում ենք` «Ազդարարի ինստիտուտ» ենք ուզում ստեղծել: Բա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի ազդարարող չունի՞ էդ կողմերում, որ տեղեկանա, թե ինչ «բեսպրեդել» ու անիշխանություն է տիրում Ալավերդի քաղաքում:

Թե՞ ուզում եք իրար կոտորեն՝ պրծնեք: Բա ժողովո՞ւրդը:

Երբ Ալավերդու մեր աղբյուրին հարցրինք, թե իշխանություններն ի՞նչ են մտածում, նա կարճ պատասխանեց՝ իշխանությունները հենց իրենք են՝ Աբգարյանները: Իշխանությունները քանի՞ գլուխ ունեն, որ նրանց հախից գան:

Ի դեպ, երկու խմբավորումների տերերն էլ բավականին հարուստ են ու բազմաթիվ շարժական ու անշարժ գույք ունեն: Օրինակ՝ Վահագն Աբգարյանը, ով որոշ մարդկանց համոզմամբ, քաղաքի «նայողն է», սեփականատերն է Սանահինի հյուրանոցի, քաղաքում մի քանի դեղատների, խանութների:

Նա է առոք–փառոք շրջում շքեղ զրահապատ մեքենայով:

Երկու խմբավորումներն էլ քարի հանքեր ունեն:

Տարոն Աբգարյանը Լալվարի քարի հանքի սեփականատերն է, ում հետ փայատեր է նաև ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի ղեկավարը:

Լավ, սեփականությունները մի կողմ:

Հայաստանի իրավապահ մարմինները ի վիճակի չե՞ն Ալավերդի քաղաքում «սովետական կարգեր» հաստատել, այսինքն` խմբավորումների իշխանության փոխարեն օրենքի իշխանություն հնարավոր չէ՞ հաստատել:

Երկու կողմերից դեռ քանի՞ մարդ պետք է սպանվի, դեռ Ալավերդու բնակիչները քանի՞ տարի ահաբեկված պետք է ապրեն, որ քննիչ Շուշանյանն ու ՀՀ ոստիկանապետը հասկանան, որ այս գործը պետք է «քոքից բռնեն» ու արմատախիլ անեն:

Հ.Գ. Մեր աղբյուրների տվյալներով, որքան էլ զարմանալի է, մարզի Քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը խմբավորումներից մեկի ղեկավարի՝ Վահագն Աբգարյանի երեխաների քավորն է»:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից փորձեցինք պարզել՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը ձերբակալվե՞լ է:

«Փաստ»–ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի քարտուղարը հայտնեց՝ ընդամենը կարող է հաստատել, որ գործով կալանավորված անձ կա:

«Նախաքննության ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեի աշխատակցին: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով»,– ասաց Մ. Օհանջանյանը: