Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին «Դեբետ հիդրո» ՍՊԸ-ն և ամերիկյան «The Robbins Company»-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը վերաբերում էր Շնող ՀԷԿ-ի կառուցմանը: Թունելներ կառուցելու մեծ փորձ ունեցող ամերիկյան ընկերությունը տրամադրելու էր հորատման սարք և ապահովելու էր դրա շահագործումը: Այս ծրագիրն ընդհանուր արժենալու էր 150-190 մլն դոլար: Սակայն ծրագրի իրականացումը վտանգված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականության պատճառով:
 
Շնողի ՀԷԿ-ի կառուցումը իրականացնելու էր «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, իսկ նա ԱՄՆ-ի հրապարակած «կրեմլյան ցուցակի» մեջ է: Սամվել Կարապետյան Արևմուտքի համար դիտարկվում էր Հայաստանի արդիականացման, տնտեսական կարողությունների գեներացման հարցում թե՛ հայ-ամերիկյան, թե՛ ամերիկա-ռուսական գործակցության յուրօրինակ փոխզիջումային խորհրդանիշ: Սակայն իրավիճակը փոխվել է: Կարապետյանն,  ըստ երևույթին, ճիշտ չի ընկալել ԱՄՆ-ից եկող մեսիջները, արդյունքը Կրեմլի ցուցակն է: Այս ցուցակն ընկալվում է որպես «բորոտների ցուցակ», որոնց հետ շփվելը վտանգավոր է բիզնեսի, քաղաքականության, վարկի և ընդհանրապես՝ արժանապատվության համար։ Ցուցակում ընդգրկված է ողջ ռուսական քաղաքական էլիտան՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների համար սա նշանակում է ամենասառը մակարդակ։
  
Մյուս կողմից՝ Էներգետիկայի նախարարությունում հրաշքով հիշեցին նաև այն մասին, որ իրեն սպառել է հայկական ԱԷԿ-ը: ԱԷԿ–ի փակման ժամանակացույց դեռ չկա։ Հայաստանի իշխանությունները ցանկանում էին ժամկետի կրկնակի երկարացման տարբերակը փորձել, հնարավոր է` 10 տարով։ Օրինակներ կան` այդպիսի աշխատանքներ են անցկացվել Բուլղարիայի, որը Եվրամիության անդամ է, «Կոզլոդույ» ԱԷԿ–ում, թեև Եվրամիությունը պնդում է, որ այն փակվի։ Սակայն հիմա իշխանությունները փոխել են մտադրությունը, հարց է՝ ատոմակայա՞նն է իրեն սպառել, թե՞ Սամվել Կարապետյանը, մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ անցնում է խնայողության ռեժիմի, որի տակ է ընկնում նաև հայկական ԱԷԿ-ը: Եվ, քանի որ իշխանությունները ներդրումների ակնկալիքներ չունեն, որոշել են ի վերջո լրջորեն քննարկել ԱԷԿ-ի փակման հարցը:
 
Ստելլա Խաչատրյան