Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Անվանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2005թ. Սահմանադրության փոփոխություններով սահմանված էր, որ անվտանգության խորհուրդը գլխավորում է հանրապետության նախագահը, իսկ արդեն 2015թ. սահմանադրական փոփոխություններով սահմանվել է, որ անվտանգության խորհուրդը գլխավորում է հանրապետության վարչապետը, իսկ խորհրդի կազմավորման և գործունեության կարգը պետք է սահմանվի օրենքով: «Եվ հիմա մենք ձեր դատին ենք ներկայացնում օրենքի նախագիծը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ օրենքի նախագծով նախատեսել են նաև խորհրդի գործունեության ընթացակարգը, թե ինչպես են գումարվում նիստերը, որ հարցը ինչ քվորումի առկայության դեպքում է ընդունվում: «Բնականաբար սահմանադրական լիազորությունները իրականացնելու համար անհրաժեշտ կլինի խորհրդի անդամի 7 ձայնի առկայություն, իսկ խորհրդատվական բնույթի հարցերի դեպքում բավարար կլինի խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը»,- մանրամասնեց փոխնախարարը:

Նախագծով նախատեսված են նաև անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները, նախատեսվել են նաև անցումային դրույթներ, թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամկետներում է ձևավորվելու անվտանգության խորհրդի կազմը: