Թափանցիկությունը բացասաբար է ազդել կառավարության որակի վրա: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսպես հիմնավորեց ապրիլից կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Նա նշեց, որ Հայաստանը ներկայում բացառություն է։ Դռնփակ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս առավել անկեղծ և քննադատաբար մոտենալ քննարկվող հարցերին։
 
Հայաստանում ամենամիամիտ մարդու մտքով նույնիսկ չի անցնում, որ հենց այդ թափանցիկություն շնորհիվ է, որ մեր կառավարությունը լավ չի աշխատում։ Այ, եթե դա չլիներ, ավելի իդեալական կլիներ ամեն ինչ, որովհետև կառավարության նիստերը չեն սահմանափակվում միայն հինգշաբթի օրերին տեղի ունեցող նիստերով ու դրանք ավելի շատ սիմվոլիկ բնույթ կրող նիստեր են։ Կարելի է այլ ձևաչափերում հարցեր կարգավորել՝ եթե քննադատելու բաներ կան, դրանք արվեն ու համապատասխան կարգի բերվեն մինչ կառավարության նիստը մեկնարկելը։
 
Իրականում այս պրոցեսները միտված են հասարակությանը կտրելու քաղաքական իրադարձություններին անմիջականորեն հետևելու գործընթացից։ Նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ իշխանությունները որոշել են ավելի փակ աշխատել: Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ մի շարք զարգացած երկրներում նիստերն անցկացվում են դռնփակ, ապա հուշենք՝ եթե որևէ զարգացած երկրում նիստերը դռնփակ են անցկացվում, ապա այլ հնարավորություն են ստեղծում լրագրողների համար: Մնում է միայն կռահել, թե Հարությունյանն ինքը ինչ է շահում այդ քողարկումից՝ եթե նրա շահագրգռվածությունը իր իսկ խոստովանությամբ՝ երկու կառավարության կենսագրություն ունի:
 
 
Ստելլա Խաչատրյան