Հայաստանում յուրաքանչյուր քիչ թե շատ նշանակալի իրադարձության նախաշեմին, որպես կանոն, ակտիվանում է կոռուպցիայի ու դրա դեմ պայքարի թեման։ Այսօր էլ տարբեր շրջանակներ ընդգծում են, թե Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը կոռուպցիան է։ Ավելին՝ ըստ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ կոռուպցիան ոչ ավել, ոչ պակաս սպառնալիք է Հայաստանի համար:

Գաղտնիք չէ, որ կոռուպցիան առաջին հերթին պետական կառավարման օղակներում է, հատկապես այնտեղ ուր անմիջական կապ կա քաղաքացիների հետ, և կան որոշակի լծակներ։ Արդյո՞ք իշխանություններն, ի վերջո, պատրաստ են դեկլարատիվ հայտարարություններից անցնել կոնկրետ քայլերի։

ScanNews-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Շարմազանովի հայտարարությանը, հրապարակախոս Նարինե Դիլբարյանն ասել է․ «ՀՀԿ մամուլի քարտուղարի մակարդակով հնչող հայտարարությունները ոչ միայն չեն գոտեպնդում մեր քաղաքացիներին և միջազգային կառույցներին, այլ միայն հուսահատություն են առաջացնում՝ խթանելով արտագաղթը թե՛ մարդկային ներուժի, թե՛ կապիտալի»։ Դժվար է չհամաձայվել հրապարակախոսի հետ, քանի որ իրականությունը լրիվ այլ է։ Հարցազրույցին հետևեցին ընթերցողների արձագանքները, որոնցից մեկն օրինակ նշում էր, որ խորը հիասթափություն ունի այն հիմնարկի աշխատանքից, որտեղ ինքն է աշխատում արդեն երկար տարիներ՝ ահազանգելով, որ կուռուպցիան իրենց մոտ ծաղկում է ապրում /խմբ․ աշխատում է ԴԱՀԿ-ում/: Դիմել է նաև Վերահսկիչ պալատ, ովքեր խախտումներ են արձանագրել, բայց լռում են այդ մասին: Ըստ քաղաքացու այսօրերին ցանկացած ՃՈ-ի հետ կապված արգելանք կարելի է 50 տոկոս վճարելով «ջրել»:

ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներին անդրադարձել էինք նաև մենք, մեր նախորդ հրապարակումներում, նշելով, որ ստուգումներ են անցկացրել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ ԴԱՀԿ-ում, և առանձնապես խոշոր չափերի՝ հարյուրավոր միլիոն դրամի խախտումներ հայտնաբերել։

 

Որոշեցինք գնալ ահազանգի և հրապարակման հետքերով: Հարցում հղեցինք ԴԱՀԿ, որին ինչպես բնորոշ է այս դեպքերին «լայաղ» էլ չարեցին, որևէ հոդաբաշխ պատասխան տալ։ Փոխարենը ինչ-որ լղոզված պատասխաններ փորձեց տալ Հ1-ի եթերում ԴԱՀԿ այդպես էլ չկայացած պետը՝ այդ հաղորդման մեջ հանկարծակի «գեներալ-գնդապետ» դարձած Արմեն Հարությունյանը։

Ինչևէ ScanNews-ը փորձելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և առաջ է քաշելու ընթերցողների, հասարակության հուզող խնդիրները՝ հնարավորինս բացելով կոռուպցիայի թեման՝ ներկայացնելով փորձագիտական, քաղաքական և հասարակական շրջանակների տեսակետներն ու մեկնաբանությունները։

Բնականաբար, հանրությանն են ներկայացվելու նաև կոռուպցիոն դրսևորումներն ու արձանագրված կոնկրետ դեպքերը։ Առաջիկայում կներկայացնենք Վերահսկիչ պալատի կողմից այլ կառույցներում արձանագրված խախտումները նույնպես։

 

Աղբյուրը՝ ScanNews.am