Օրեր առաջ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը դեմ էր արտահայտվել այդ համակարգին՝ այդպիսով փաստացի հավանություն տալով այն փոխելու՝ «Ծառուկյան» դաշինքի օրենսդրական նախաձեռնությանը՝ դե ֆակտո: Հետևում է ՀՀԿ-ի բավականին կտրուկ տողատակով արձագանքը՝ հուսով են, որ կոալիցիան կհասցնեն տրամաբանական ավարտին: Այսինքն՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին հիշեցնում կամ զգուշացնում է, որ կարող է լինել կոալիցիայի «անտրամաբանական» ավարտ, այսինքն՝ վաղաժամ, արտահերթ ավարտ: Բացի այդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ՀՅԴ այս հայտարարությունը որակել էր շահարկում` հավելելով, որ իրենք ԸՕ-ն չեն փոխի եւ ռեյտինգային ընտրակարգը չեն հանի:
 
Իհարկե, հասկանալի է, որ նման շանտաժով Դաշնակցությունն ակնարկում էր ապրիլից հետո լիարժեք ուժի մեջ մտնող խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում որոշ ներքին պայմանավորվածություններ վերանայելու մասին՝ հայտարարության մեջ արձանագրելով, որ դեռ կան քայլեր՝ ստեղծված նախադրյալները կյանքի կոչելու համար:Սակայն ՀՅԴ-ին շատ արագ հասկացրին, որ կրակի հետ խաղալը կարող է արժենալ նաև ամբողջի կորուստ: Դա է պատճառը, որ Արմեն Ռուստամյանը նախօրեին հայտարարեց, թե Դաշնակցության համար ընդունելի չէ ռեյտինգային ընտրակարգի վերանայման՝ «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը: Այստեղ բուն խնդիրը նույնիսկ ոչ այնքան 2018-ի ապրիլն ու վարչապետի խնդրի հանգուցալուծումն է, որքան 2022 թվականի խորհրդարանի ընտրության «քարտեզագրումը»: Սակայն հենց այդ հանգամանքը «Ծառուկյան» դաշինքին ՀՅԴ-ի համար դարձնում է մրցակից: Ակնհայտ է. որ Ընտրական Օրենսգրքի հարցում Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում զիջումների գնալ, այլ կերպ ասած՝ սա այն հարցը չէ, որտեղ Դաշնակցությունը կարող է ունենալ մանևրելու տարածություն: Ավելի հավանական է, որ Հանրապետականը հրաժարվի Դաշնակցությունից, քան իր քաղաքական նպատակներին փայլուն հարմարեցված Ընտրական Օրենսգրքից: Իսկ ՀՅԴ-ին փոխարինողները քիչ չեն: Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնա: Գուցե հենց սա է հասկացել ՀՅԴ-ն, և դա է պատճառը , որ վերջ է տվել իր ընդդիմադիր ռևերանսներին:
 
Ստելլա Խաչատրյան