Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց վերանայել Երևանի ավագանու նիստերին քաղաքապետարան մուտք գործելու կարգը: Քաղաքապետը նման հանձնարարական տվեց ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո: «Հանձնարարական՝ պետք է ամբողջությամբ վերանայել և հասկանալ, թե ավագանու նիստերին ովքեր կարող են շենք մտնել և ինչ կարող են իրենց հետ բերել»,-ասաց քաղաքապետն ու առաջարկների համար տվեց մեկ օր:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ավագանու նիստի միջադեպից հետո ևս առաջարկել էր մտածել, որ ավագանու նիստերը պետք է անցնեն կանոնակարգին համապատասխան: «Նիստերը պետք է երաշխավորած լինեն նման վտանգավոր երևույթներից զերծ լինելու համար: Անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես կառավարելի դարձնել նիստը»,-ասաց նա: Նրա կարծիքով՝ անպատասխան թողնել այս արարքը, ճիշտ չի լինի: «Արարքը չպետք է դառնա կրկնվող, մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս բարձր պահել ավագանու հեղինակությունը»,-նշեց Արեյանը:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստն ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով: Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց: Նիստը ժամանակավորապես ընդմիջվեց: