Կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում ներառված է ՀՀ արդարադատության նախարարության  ներկայացրած «Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու  մասին» որոշման նախագիծ, որն, ի դեպ, չզեկուցվող  հարցերի թվում է։ 

Այս նախագծով Արդարադատության նախաարրությունը սահմանում է այն աշխատանքները, որոնք չեն կարող կատարել դատապարտյալներն ու կալանավորված անձինք։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քանի որ ներկայիս գործող օրենքով հստակ տարանջատված չէ, թե, օրինակ, բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող քաղաքացին այլ գործատուների հետ ինչպիսի աշխատանքային հարաբերությունների մեջ կարող է մտնել, ուստի առաջարկվում է լրացնել օրենքի այդ բացը և հստակ սահմանել, թե  բացի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից առաջարկվող աշխատանքից՝ ինչպիսի աշխատանքային այլ հարաբերություններ կարող են հաստատվել այլ գործատուների հետ։

Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, որ օրենքի ընդունումն անհրաժեշտ է, քանի որ գործող օրենքը գործնականում առաջացնում է խնդիրներ, ինչպես նաև սահմանափակում է բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների կողմից այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների հաստատումը, քանի որ հստակեցված չէ նրանց համար արգելված աշխատանքների ցանկը։ 
 
Առաջարկվում է, օրինակ, հստակ սահմանել, որ արգելվում է դատապարտյալներին կամ կալանավորված անձանց  ներգրավել կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներում, արգելվում է նրանց աշխատել որպես տեսանկարահանող-լուսանկարիչ: Դատապարտյալները չեն կարող աշխատել նաեւ կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների արտադրության ոլորտում։ 

Արգելվող աշխատանքների թվում են նաև դեղորայքի, դեղանյութերի պատրաստման կամ արտադրության աշխատանքները, ինչպես նաև զենքի, թունավոր, պայթուցիկ նյութերի ոլորտում աշխատանքը։ 

Նշենք, որ նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել նաև միջազգային փորձը (Արևմտյան Ավստրալիա, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):