ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու հրավեր է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետևյալ նամակը․

«ՀՀ առաջին նախագահ,
«Հայ ազգային կոնգրես»
կուսակցության նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանին.

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.

Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին և անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաև, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ», - ասված է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

ԼՈւՐԵՐ․сom-ը Հայ Ազգային կոնգրեսից փորձեց ճշտել՝ ստացե՞լ են արդյոք Նիկոլ Փաշինյանի հրավերն ու այս առնչությամբ ի՞նչ է որոշվել՝ որքանո՞վ  է հավանական, որ Լևոն Տեր Պետրոսյանը կմասնակցի Ազգային ժողովում մեկնարկելիք լսումներին։

ՀԱԿ-ից մեզ հայտնեցին, որ մինչ այս պահը դեռևս Նիկոլ Փաշինայնից որևէ հրավեր չեն ստացել․ «Հրավերը չենք ստացե, Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն էլ չենք կարդում»-ասացին և հավելեցին, որ երբ կլինի պաշտոնական գրավոր հրավեր, այն ժամանակ էլ կքննարկեն և որոշում կկայացնեն։