Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ 2017 թվականը բավականին հաջողված տարի է,  քանի որ տնտեսության զարգացման և բարեփոխումներից համար ամուր հիմքեր են դրվել և տարին այս առումով բավականին ակտիվ է եղել․ «Ընդհանուր տնտեսական աճի 7,7 տոկոսին կարելի է հավատալ։ Պետք է նշեմ, որ 2017 թվականին մեր երկրից արտահանման ծավալները 2 մլրդ դոլարից ավելիին են հասել, այսինքն՝ արտահանումը հասել է 50 տոկոսի։ Եթե այս տեմպերով շարունակվի՝ մեր ՀՆԱ-ն 22 մլրդ դոլարի կհասնի 2022 թվականի վերջում, իսկ արտահանումը կհասնի 6-7 մլրդ դոլարի։ Այս տեմպերով շարունակելու դեպքում՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 1,5 անգամ կավելանա 2022 թվականին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մակարյանը՝ վիճակագրական թվեր ներկայացնելուց զատ նշելով, որ միևնույն ժամանակ երկրում շարունակում է չնվազել աղքատության և գործազրկության մակարդակը։

«Հիմա նկատելի չէ այդ տնտեսական աճը և աղքատությունը չի նվազի նաև առաջիկա տարիներին և Հայաստանն այս ցուցանիշով առաջիկայում կմնա տարածաշրջանում ամենավատ վիճակ արձանագրած պետությունը։ Գործազրկությունը 18 տոկոս է դեռ  և հաշվարկներ չկան, թե օրինակ՝ քանի տոկոսով  է նվազել»,-ասաց Հայաստանի գործատուների միության նախագահը՝ շեշտելով, որ արձանագրված տնտեսական աճը միայն Կառավարության շնորհքը չէ։

Վերջինիս խոսքով՝ տնտեսական աճ արձանագրվել է մեծամասամբ գործատուների, գործարարների շնորհիվ է, ովքեր կարողացել են մրցունակ արտադրանք հանել շուկա և հետաքրքրություն ներկայացնել դրսի շուկաների համար․ «Այդ ներդրումները կատարում են տեղական և դրսի կոնկրետ կազմակերպությունները»,-նշեց նա՝ հավելելով, որ չի կարելի չգնահատել այն, որ Կառավարությունը գործարար միջավայրն է բարելավվել։

Խոսելով Կառավարության խոստացած 850 մլն դոլարի ներդրումների մասին՝ Գագիկ Մակարյանը նկատեց, որ թեև Կառավարությունը կարողացավ խոստացած ներդրումների քանակն ապահովել, սակայն հստակ չէ, թե այդ ներդրումներն ինչ տեսքով են եկել մեր երկիր․«Ներդրումների մասին մեր օրենքում հստակ ձևակերպված չէ՝ ինչ է նշանակում ներդրում. դա այն փողն է, որով, օրինակ, եկել՝ շե՞նք են առել, աշխատավա՞րձ են վճարել, դա օտարերկրյա ուղղակի ներդրո՞ւմ է, թե՝ ոչ: Որ փողն է՝ հայտնի չէ։ Մյուս կողմից՝ ներդրումները կառավարման կարքի ունեն, քանի որ դրանք կարող են բերել ինչպես աշխատատեղերի կրճատման, այնպես էլ՝ ավելացման»,-ասաց Գագիկ Մակարյանը և բերեց Հայաստանում ներդրումների համար շատ հեռանկարային մի շարք ոլորտներ, որոնցից են, օրինակ, տուրիզմը, գյուղատնտեսությունը, կարի ոլորտը։ 

Վերջինիս համոզմամբ՝ ներդրումների առումով բավականին զգալի է եղել Հայաստանի վարկանիշի բարձացումը, որի համար մեծ աշխատանք է տարել հատկապես ՀՀ կառավարությունը։