ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ծավալուն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել 2018թ. փետրվարի 13-ին Երեւան քաղաքի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի առիթով: Դաշնակցության ներկայացրած այս տեքստին կնախանձեին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հայտարարության մեջ թեև խոսքը գնում է երևույթի մասին, և չի նշվում, թե կոնկրետ ով է այդ երևույթի պատասխանատուն, միևնույն ժամանակ՝ ակնհայտ է, որ թիրախավորվում է հենց ՀՅԴ-ի կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցության ավագանու անդամները, ովքեր Երևանի քաղաքապետարանն իրենց ռազբորկաներով վերածում են «քուչի բազարի» և մեծապես հիասթափեցնում ՀՀԿ-ի օգտին քվե տված երևանցիներին: Ակնհայտ է, որ հայտարարության տեքստը կազմելիս Դաշնակցությունն առանձնապես չի խորացել պատահարի իրական պատասխանատուներին վեր հանելու հարցում, գուցե այն պատճառով, որ հետապնդած նպատակը բնավ էլ դա չի եղել:
 
Պարզ է, որ ՀՅԴ-ում զգուշավոր են՝ առջեւում քաղաքական լուրջ գործընթացներ են եւ հավանական վերադասավորումները չեն բացառվում: Գուցե ստացվի այնպես, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի սիրտը չկոտրելու համար մեկ-երկու պորտֆել էլ տա՝ ապրիլյան իրադարձությունների ընթացքում, սակայն ակնհայտ է, որ վերջին շրջանում կոալիցիոն գործընկերների քաղաքական օրակարգում սկզբունքային հարցերի շուրջ ընդգծված տարբերությունները հրապարակային բնույթ են ստանում: Իսկ ի՞նչ կարող է հակադրել ՀՅԴ-ն ապրիլյան վտանգին: Առարկայական ոչինչ, սակայն կարող է ջրեր պղտորել, գործընկեր ՀՀԿ-ին շանտաժի ենթարկել և մեծ ու փոքր դժվարություններ ստեղծել անցումային փուլի համար:
 
Նման իրավիճակը ակնհայտորեն սկսել է ազդել ՀՀԿ-ի նյարդերի վրա, որտեղ շատ լավ հասկանում են, որ այս «բազարները» մեկ նպատակ են հետապնդում՝ նոր կառավարությունում մի պորտֆել ավել պոկել: Ասվածի վառ ապացույցն էլ այն է, որ ավագանու նիստի ժամանակ երեկ գրանցված դեպքը բնավ էլ առաջինը չէ, սակայն սա ՀՅԴ-ի առաջին արձագանքն է. ՀՅԴ-ում գտնում են, որ կնոջը «ծիտ» անվանել կարելի է, իսկ այ՝ հարվածելն արդեն չափից դուրս է, և դա նաև հարված է քաղաքապետարանի համբավին: Միևնույն ժամանակ, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ներկայում բնականորեն բաժանվում է մասերի, ինչը թելադրվում է հենց ՀՀԿ-ում ստեղծված իրավիճակով՝ կապված վարչապետի խնդրի և, ըստ այդմ, ապրիլյան վերադասավորումների առանցքի հետ: Այստեղ ակնհայտ է ՀՀԿ միասնական դիրքորոշման և շահերի բացակայությունը:
 
Ստելլա Խաչատրյան