«Հրապարակ» թերթն անչափ ուշագրավ հարցազրույց է ներկայացրել Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ: Որքան այս հարց ու պատասխանը կարճ է, այնքան էլ բազմիմաստ է: «Ինչպիսի՞ պատկերացում ունեք ապագա կառավարության վերաբերյալ»։ «Շնորհակալություն»։ «Չե՞ք պատասխանում քաղաքական հարցերի»։ «Ոչ»։ «Ինչո՞ւ»։ «Շատ պարզ»։ «Ո՞րն է պարզը»։ «Փոխնախարարը քաղաքական պաշտոն չէ: Դեռ»։
  
Ստացվում է՝ Հարությունյանի համար իր զբաղեցրած պաշտոնը քաղաքական չէ, մինչդեռ քաղաքագիտական պարզ ճշմտարությունը հուշում է, որ փոխնախարարի զբաղեցրած դիրքը ադմինիստրատիվ հիերարխիայում ավելի քան քաղաքական է: Հասկանալի է, որ դա քաջ գիտակցում է նաև Հարությունյանը, ով փայլուն կրթություն է ստացել և դժվար թե անգիտակ լիներ նման պրիմիտիվ հարցում: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ պատկերացում ապագա կառավարության մասին՝ մեր երկրում ունեն քչերը: Այդ պատկերացումը չի ձևավորվել անգամ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ, հետևաբար, սխալ կլիներ, որ այս հարցում հանրությանն առաջին «լուսավորողը» լիներ Էներգետիկայի փոխնախարարը, որքան էլ որ լուսավորելը մտնում է նրա բուն պարտականությունների շրջանակների մեջ:
 
Անչափ հետաքրքիր է նաև Հարությունյանի բազմանշանակ «դեռ»-ը: Փոխնախարարների մասով նոր Սահմանադրությունը էական փոփոխություններ չի նախատեսում: Գուցե «դեռ»-ը վերաբերում էր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենալու Հարությունյանի կարիերայում՝ ապրիլից հետո: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Կարապետյանի փեսան Սերժ Սարգսյանի կառավարության մեջ չի ունենալու այսօրվա արտոնյալ դիրքը, և գուցե հրաժեշտ տա զբաղեցրած պաշտոնին: Հնարավոր է նաև հակառակ տարբերակը. Հարությունյանին կարող է ի պահ հանձնվել գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որն ավելի եկամտաբեր է: Հետևաբար, փոխնախարարին այսօր ավելի շատ հուզում է այն անորոշությունը որն առկա է իր ապագայի շուրջ, իսկ ապագա կառավարության վերաբերյալ պատկերացումներն առավելապես պետք է հուզեն Հարությունյանի վերադասին:
 
Ստելլա Խաչատրյան