«Քաղաքական իրադրությունը տարածաշրջանում շատ լարված է և չի բացառվում, որ  այն, ինչ կատարվում է Սիրիայում, կարող է տարածվել նաև Լիբանանի վրա: Ներքաղաքական իրադրությունը փոխվելու միտում ունի, որը կապված է կրոնական խնդիրների և ամբողջ քաղաքական իսթեբլիշմենթի հետ: Սակայն բոլոր պատճառները կարող են սրվել այն նավթի պատճառով, որ հայտնարբերվել է Լիբանանում: Հիմա գնում է քաղաքկան պայքար, թե ով այդ տորթից ամեն լավ կտորը կպոկի՝ ինչը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ ռազմական իրավիճակի սրման պատճառներից է այդ տարածքում գործող «Հեզբոլահ»-ը, որը պետություն է պետության մեջ: 

Արման Նավասարդյանի խոսքով՝ Լիբանանում ապրող հայ համայնքը, որը կազմում կան քառասունից-հիսուն հազար հայեր, վտանգված է, ուստի Հայաստանը պետք է նախաձեռնի գործուն քայլեր նրանց հայրենադարձությունն ապահովելու համար. «Պետք է կազմակերպել հայրենադարձություն, սահմանել հստակ թվաքանակ և նրանց բերել Հայաստան: Ես տեղյակ եմ, որ կան  նաև կաթոլիկ քրիստոնյաներ, որոնք ցանկություն ունեն Հայաստան գալու: Մենք կարծում ենք՝ լավ կլինի, որ նախ կազմակերպվի կամավորների վերադարձը  Հայաստան: Պետք է նաև ստեղծել նրանց համար համապատասխան պայմաններ»,-նշեց Նավասարդյանը և հավելեց, որ դեռևս խորհրդային տարիներին ապացուցված փաստ է, որ  Հայաստանին ամենաշատ օգնությունն ու աջակցությունը տվել են հենց Լիբանանից հայրենադարձվածները. «Նրանք մեծ դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսական կյանքի և մշակույթի զարգացման գործում»,-նշեց դեսպանը: 

Արման Նավասարդյանի համոզմամբ՝ քանի որ իշխանությունները որդեգրել են Հայաստան ներդրումներ բերելու քաղաքականություն, ուստի Լիբանանից Հայաստան հայրենադարձություն կազմակերպելը ճիշտ ժամանակին է. «Մեր իշխանությունները հենց այդ ուղղությամբ էլ աշխատում են, որպեսզի մարդիկ գան, իրենց կապիտալը բերեն Հայաստան»:

Խոսելով հայրենադարձության կազմակերպման մեխանիզմների մասին՝ Արման Նավասարդյանը բերեց փափուկ ուժի դիվանագիտությունն ու հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանքը, որի շնորհիվ էլ հնարավոր է հասնել դրված նպատակին: