Փետրվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը,  որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:  

Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:

Հարցման արդյունքներով՝ «Տարվա քաղաքապետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աբովյան քաղաքի ղեկավար Վահագն Գևորգյանը։ 

«Աբովյան-իմ քաղաքը» ֆեյսբուքյան էջում այս առիթով գրառում է տեղ գտել.

««International Media Holding» ընկերության ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում 2017թ. «Տարվա քաղաքապետ» ճանաչվեց Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը:

Ներկա գտնվելով մրցանակների շնորհման պաշտոնական արարողությանը` Վահագն Գևորգյանն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին բարձր գնահատանքի առթիվ` շեշտելով վերջինիս պարտավորեցնող բնույթը: Ըստ նրա` մրցանակի արժանացած յուրաքանչյուր գործիչ պետք է ջանք չխնայի ավելի վստահ աշխատանքի հարցում, իսկ կոնկրետ Աբովյանի դեպքում` ավելի բարեկեցիկ քաղաքային միջավայր կառուցելու համար:

Համայնքի ղեկավարն իր շնորհավորանքը հղեց նաև մյուս անվանակարգերում հաղթող ճանաչված գործիչներին` ընդգծելով կատարված աշխատանքի ու տրված գնահատականի կարևորությունը ցանկացած ձեռնարկման մեջ:

Հավելենք, որ «International Media Holding»-ը ամենամյա ավանդույթ է դարձրել իր այս մրցանակաբաշխությունը` ի մի բերելով տարբեր ոլորտներում նկատելի հաջողությունների հասած անձանց ու նրանց կատարած աշխատանքը յուրօրինակ խրախուսանքի արժանացնելով:

Ընտրությունը կատարվել է ինչպես կազմակերպության մշտադիտարկումների, այնպես էլ քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների հիման վրա»,- ասվում է գրառման մեջ: