Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դարձյալ կհյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»: 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ,  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը`  ս. թ. փետրվարի 17-21-ը «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Տոնավաճառի համաժամանակյա միջոցառումների ծրագիրը կիրականացվի գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ս. թ.  փետրվարի 19-ին, ժամը  14:00-ին, գրադարանի ճեմասրահում:                                                                                                                          

Ավանդական դարձած տոնավաճառի կազմակերպումը կարևորվում է մանուկների և պատանիների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության առաջացման և մանկապատանեկան գրքի նորություններին հանրությանն իրազեկելու համատեքստում: Ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի հանրությանը ներկայացնել ՀՀ հրատարակիչների վերջին տարիների՝ մանուկներին և պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները և նպաստել գիրք-ընթերցողկապի սերտացմանը:

Տոնավաճառի շրջանակում  տեղի կունենա գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, «Տարվա հոբելյարներ», «Երևանը և երևանցիները» խորագրերով էլեկտրոնային ծանոթացումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն: 

Մշակութային ծրագրում  կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ:   

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով:  Փետրվարի 21-ին՝ օրվա ընթացքում, կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, զրույցներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր և ընտանեկան ընթերցանություններ:

Հիշեցնենք, որ  տոնավաճառին ընդառաջ գրադարանը հայտարարել էր մանկական ստեղծագործությունների մրցույթ, որի աշխատանքները կշարունակվեն հավաքագրվել նաև փետրվարին:  

Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին՝ օրվա ավարտին: