Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ ենթարկելու և նախկին դրույքաչափերին վերդառնալու մասին հարցը, որն Ազգային ժողով է ներկայացրել Ելք խմբակցությունը։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով նոր հարկային օրենսգրքին և դրանից բխող թանկացումներին, նշեց, որ պետությունն աշխատատեղեր ստեղծելու փոխարեն անընդհատ հարկում է քաղաքացուն․  «Հիմա վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում։ Դուք ասում եք՝ եկեք դիմագրավենք, ով որ մեքենա ունի, 1000 դոլարով մի կերպ առել է, թող գնա ակցիզային հարկով բարձր գներով աշխատի, ասում եք՝ սոցիալապես խոցելի խմբին աջակցենք: Ինչո՞վ: 1000 դրամ տա՞նք իրանց։ Դա աշխարհի ամենաողորմելի ինստիտուտն ա՝ մարդուն ստրուկ դարձնելու համար: Մարդու համար աշխատատեղ ստեղծելու փոխարեն, մենք ասում ենք՝ արեք աջակցենք, իսկ աջակցությունն էլ վերջանում ա 1000 դրամ օգնություն տալով»։

Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ բյուջեում փող չկա, ուրեմն լավ չեն աշխատում․ «Բա կարելի՞ ա ժողովրդին սպանելով՝ բերել բյուջե լցնել ու էլի ռացիոնալ չօգտագործել»,-հարցադրում հնչեցրեց Բոստանջյանը, ում դիտարկումներին ի պատասխան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նկատեց․ «Դուք ավելի եք վատթարացնում վիճակը»։

Հարությունյանը, որպես ստեղծված իրավիճակից ելք՝ առաջարկեց զարկ տալ տնտեսությանը, քանի որ միակ լուծումը տնտեսական աճն է։