Իրանի հարավում ավիավթարի ենթարկված օդանավում գտնվող բոլոր ուղևորները և անձնակազմը զոհվել են։ Այս մասին Tasnim գործակալությունը հայտնել է հղում կատարելով Aseman Airlines ավիաընկերության ղեկավարին, որի օդանավը կործանվել է Իրանի Սպահանի նախանգում։

«Բոլոր ուղևորները, ինչպես նաև ATR 72-600 ինքնաթիռի անձնակազմի 6 անդամները զոհվել են վթարի ժամանակ»,- ասել է նա՝ հաստատելով, որ նավակողին գտնվել է 66 մարդ։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Իրանի ավիացիոն իշխանությունների տվյալներով՝  ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 08:00 (Երևանի ժամանակով 08։30-ին) և ուղղություն վերցրել դեպի Սպահանի նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Յասուջ քաղաք։ Միջադեպը, որի  պատճառները դեռևս չեն պարզվել, տեղի է ունեցել Զագրոս լեռնային համակարգի Դենա լեռան շրջանում, Իրանի մայրաքաղաքից մոտ 500 կմ և ժամանման վայրից 25 կմ հեռավորության վրա։ IRNA լրատվական գործակալության տվյալներով՝  օդանավը կործանվել է Սեմիրոմ բնակավայրից 120 կմ հեռավորության վրա։

Օդանավի անկման վայր են ուղարկվել փրկարարներ, սակայն որոնումները բարդացնում են անբարենպաստ եղանակային պայմանները։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ ողբերգությունից քիչ առաջ օդանավի անձնակազմը փորձել է արտակարգ վայրէջք կատարել նահանգում գտնվող ֆերմաներում։