Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այսպես է կարծում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Անդրադառնալով Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերի այն մտքին, որ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին առկա են վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չկա բանակցային գործընթացի իրական ճարտարապետություն»' պաշտոնյան ասել է, որ լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994 թվականի մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվ հենց այդ ձևաչափն է ամրագրված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ «Անհրաժեշտ է նաև նշել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։ Խոչընդոտելով Արցախի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, հրաժարվելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների իրականացումից, վարելով հակամարտության սրման հետևողական քաղաքականություն՝ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը»,-ասել է Արցախի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի մեքենայությունների արդյունքում։ Պաշտոնյայի խոսքով' մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Իսկ այժմ հենց այդ երկիրն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից: «Ադրբեջանն սկսել է ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ: Ադրբեջանական իշխանությունների նմանատիպ անհետևողականությունը կասկած չի հարուցում նրանում, որ տվյալ նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, ընդամենը հնարք է, որը պայմանավորված է Ադրբեջանի դժկամությամբ՝ ընդունելու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հիմք»,-եզրափակել է Մասիս Մայիլյանը: