«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեւանի Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցի աշակերտների մի շարք ծնողներից «Փաստ»–ը ահազանգ է ստացել: Մասնավորապես՝ դպրոցում պարտադրվել է առաջիկայում կայանալիք համերգի ամենաքիչը 2 տոմս գնել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 2000 դրամ է: Ծնողները նշում են, որ տոմսեր գնելը պարտադրվում է բոլորին, անկախ նրանից, թե իրենց երեխան մասնակցելու է համերգին, թե ոչ: Բացի պարտադրանքից, որն անընդունելի է, խնդիրն այն է, որ ուսման վարձերի թանկացման ու առանց այդ էլ առկա սոցիալական պայմանների ֆոնին ծնողներից ոչ բոլորն են ի վիճակի գնել տոմսերը:

Խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանից:

Ոչ հերքելով եւ ոչ էլ հաստատելով պարտադրելու հնարավորությունը, Տ. Հեքեքյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց. «Ավելի հակված եմ նրան, որ գուցեեւ ինչ–որ մի ուսուցիչ, ռուսի ասած՝ «перестаралась»: Բայց մենք մինչ այդ հարցրել ենք՝ կարո՞ղ եք գնել: Եթե կարող եք, ուրեմն՝ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ելույթ կունենանք: Դեռ հունվարին ենք հարցում արել ու ասել՝ եթե երկուական տոմս ենք վերցնում, կարողանում ենք տակից դուրս գալ: Երբ ուսուցիչները տալիս են իրենց համաձայնությունը, գործընթացը սկսում ենք: Հիմա եթե ինչ–որ ուսուցիչ որոշել է իրեն չափից ավելի «կոտորել», արդեն պետք է հասկանանք՝ ո՞վ է եւ ինչո՞ւ է այդպես արել: Իսկ եթե դա ծնողին թվացել է, դա եւս պետք է հասկանանք»:

Տիգրան Հեքեքյանը շեշտեց, որ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի վարձակալության գումարը բարձրացել է, բայց այդ գումարը դպրոցը չունի: Դպրոցի դահլիճում էլ չեն տեղավորվում: «Դպրոցը մոտ 600 աշակերտ ունի: Այնպես չի լինում, որ ինչ–որ երեխա ինչ–որ համերգի չլինի: Իսկ այդ օրը համույթների համերգ է: Այս դեպքում անգամ մեծ դահլիճի պարագայում այն ռեսուրսը չկա, որ սաները կարողանան զգեստափոխվել եւ պատրաստվել: Կամերային երաժշտության տունը մի երկու անգամ վարձակալեցինք, 2–3 անգամ մատչելի էր վարձակալությունը, բայց էլի զգեստափոխվելու տեղ չկար»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում