ԼՈւՐԵՐ.com-ն այսօր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանից հետաքրքվեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի՞ ցանկանում պարզաբանում տալ մամուլում հրապարակված նյութի վերաբերյալ, ըստ որի, Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է թիմակիցներին՝ հարձակվել Էջմիածնում ապրող քաղաքացու վրա և առևանգել նրան, իսկ հարձակման պատճառը եղել է 3 միլիոն 200 հազար դրամը:

Հարցին ի պատասխան՝ Տեր Վահրամը նշեց. «Իսկ Գարեգին Բ-ն ի՞նչ կապ ունի լրատվամիջոցում մատնանշված դեպքի հետ»:

Դիտարկմանը, որ խոսքը վերաբերվում է Գարեգին Բ-ի եղբոր որդուն՝ Համլետ Ներսիսյանին, մամլո դիվանը արձագանքեց. «Պարզաբանում տրվում է միայն Գարեգին Բ-ի և Մայր աթոռի գործունեության հետ կապված: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը որևէ կապ չունի լրատվամիջոցներում մատնանշված անձի հետ և, հետևաբար, չի լինի նաև պարզաբանում այդ առնչությամբ: Այդ մասին պատկան մարմինները թող տան պարզաբանում»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը թերթի հետ զրույցում պատմել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է թիմակիցներին հարձակվել իր վրա և առևանգել:

Պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է եղել: Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել է ժամը 10:35-ի սահմաններում, բայց իրեն հաջողվել է մի կերպ ազատվելով հարձակված տղաներից` օգնություն կանչել մտերիմներին:

Հետո նա ահազանգել է ոստիկանության Էջմիածնի բաժին և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Իսկ ողջ պատմությունը, ըստ նրա, ծագել է այն բանից հետո, երբ Ոսկեհատ գյուղում գտնվող «Լի գազ» ՍՊԸ-ում մոտ 10 հազար դոլարի ներդրումներ է իրականացրել»: