ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի համոզմամբ՝ 2018 թվականը խոստումնալից է ներդրողների համար: Սահակյանի խոսքով՝ միայն Դվին հյուրանոցի կառուցմամբ, իրականացվելու է 100 մլն դլորարի ներդրում. «Այնտեղ իրականացվող ներդումներն անզեն աչքով էլ երևում են»,-ասաց Սահակյանը՝ հույս հայտնելով, որ Դվին հյուրանոցային համալիրի կառուցման ընթացքում ներդրումների չափը կավելանա:

Խոսելով պետական գույքն անհատույց տրամադրելու և ներդրումային ծրագրերին զարկ տալու մասին՝ Արման Սահակյանը նշեց, որ այս պահին պետական գույքի կառավարմանն են հանձնված  71 չօգտագործված գույք և դրանց ներդրողներին տրամադրելու  ուղղությամբ իրականացվում են ներդրումներ: «Այս պահին Արթիկում իրականացվում են ներդրումներ, որոնց շնորհիվ կստեղծվի 500 աշխատատեղ: Տեսքտիլի արտադրություն կլինի նաև Վայոց Ձորի Խաչիկ գյուղում: Բոլորին, ովքեր պատրաստ են մարզերում անել ներդրումներ, մենք պատրաստ ենք շենքեր տալ: Եթե գույքն արժե, օրինակ, 25 մլն դրամ, մենք այն անհատույց կտրամադրենք, եթե գոնե 25 մլն դրամ ներդրում արվի»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ այս մոտեցումը բավականին մեծացրել է բիզնեսմենների շահագրգռվածությունը

Հարցին՝ արդյոք ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հետևում է վերջերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը հանձնված դպրոցի շենքի ճակատագրին, Սահակյանը պատասխանեց. «Մենք հետևում ենք նաև Սամվել Ալեքսանյանի դստերը տրված գույքին: Արվել է 2 մլն դոլարի ներդրում, մենք հետևում ենք: Մենք պատրաստ ենք ցանկացած ներդրողի ձեռքը բռնել և գործը մինչև վերջ տանել: Եթե այդ գույքը ժամանակին տրվել է Կրթության նախարարությանը, որն այլևս այնտեղ ծրագիր չի իրականացնում, հիմա պետք է տրվի այլ բիզնեսի համար»,-ասաց Արման Սահակյանը՝ հավելելով, որ չեն թողնելու, որ պետական սեփականությունը թալանվի:  

Խոսելով ՀՀ Տրանսպորտի նախարարության շենքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Արման Սահակյանը նշեց, որ այդ շենքի հետ կապված 6 աճուրդ է կայացել և այժմ կա առաջարկ. «Այս պահին ունենք առաջարկ, մենք պատրաստվում ենք բանակցել շենքը գնել ցանկացող կողմի հետ, բնականաբար, պետք է հասկանանք նաև ներդրման չափը և այն, թե մասնավորեցվելուց հետո ինչ է լինելու շենքի հետ»:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը խոսեց նաև մարզահամերգային համալիրի մասին և նկատեց, որ թեև այն բավականին թանկ է նստում պետության վրա, սակայն այս պահին որևէ ներդրումային ծրագրի առաջարկ համալիրի հետ կապված՝ չկա:

Արման Սահակյանը խոսեց նաև վարչապետ Կարապետյանի կողմից իր ղեկավարած գերատեսչությանը տրված հանձնարարականների կատարման մասին՝ նշելով, որ դրանք ամբողջապես կատարվում են՝ ըստ էության հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների մասին խոսակցությունները:

Ողնաշարեր ջարդելու մասին տրված հանձնարարականին էլ անդրադառնալով, Սահակյանը նշեց. «Ինչ վերաբերում է ողնաշար ջարդելուն, ապա մենք ֆինանսատնտեսական մոնիտորինիգի կարգն ու կառուցվածքը փոխում ենք, որը բերում է նրան, որ կջարդվի նաև նրանց ողնաշարը, ովքեր կվատացնեն ընկերությունների ֆինանսական ցուցանիշները: Կառավարիչներին պատժելու ենք: Օրինակ՝ Ոսկերչական գործարանը: Տեսե՛ք, նրա կառավարիչը վնաս էր ձևավորում, մենք կառավարիչին ազատեցինք աշխատանքից և նման ճակատագիր սպասում է բոլոր այն կառավարիչներին, ովքեր կվատթարացնեն պետական փակ բաժնետիրական ընկերությունների վիճակը»: 

Աղավնի Սուքիասյան