Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիսին ամփոփեց նախարարության՝ 2017 թվականի աշխատանքները և ներկայացրեց 2018 թվականի ծագրերը: Ինչպես երևում է՝ ինքը Հարությունյանն, անչափ գոհ է իր կատարած աշխատանքի ծավալներից,  բացի Սահմանադրությամբ պայմանավորված նախագծերից, այլ օրենսդրական ակտեր ևս մշակվել են՝ թվով 35: Քիչ չէին նաև հարակից  օրենսդրական նախաձեռնությունները՝ թվով 60: Թե ինչ են դրանք փոխել երկրում արդարության մթնոլորտի վերականգնման կամ դատական համակարգի բարեփոխման առումով՝ դժվար է ասել: Վերջին շրջանում զանազան օրենսդրական փոփոխությունների, նոր հայեցակարգերի և նախագծերի առատությունն իր հետ բերեց որոշակի լարվածություն, քանի որ այդ առաջարկներում բավականին զգալի ծայրահեղություններ կային, վտանգավոր սողանցքներ ու թակարդներ, մեր պատկերացումների հետ հակասությունների գնացող ձևակերպումներ: Միջազգային վարկանիշավորման արդյունքները մեր երկրի համար ևս  չեն կարող դրական համարվել, կոռուպցիայի կանխարգելման համար միայն օրենսդրական նախաձեռնությունները կամ, այսպես ասած, «թուղթ մաշացնելը» բավարար չէ: Մինչդեռ Հարությունյանը գտնում է, որ կոռուպցիան ծաղկում է ոչ թե չինովնիկների ամենաթողության, այլ քաղաքացիների անտեղյակ լինելու պատճառով:

Մի առիթով էլ Հարությունյանն ասում էր, որ եթե մարդիկ չգիտեն քո կողմից կիրառվող գործիքի մասին, նրանք կարող են ենթադրել, որ նման գործիք չկա, այնտեղ գործում են այլ մեխանիզմներ և այլն: Այսինքն՝ մեկ տարվա գործունեության արդյունքում նախարար Հարությունյանը պարզել է, որ մեր հասարակությունն ընդամենը մոլորության մեջ է, ու եթե արթնանա այդ թմբիրից, աչքերը մի լավ տրորի, ապա բոլորովին ուրիշ պատկեր կտեսնի: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանի դատական համակարգն այսօր էական փոխվել է: «Եկեք գնանք դատարան, վերցնենք 10 տարի առաջվա որևէ դատական ակտ և հիմա վերցնենք, համադրենք, տեսնենք որակը նույնն է, թե ոչ: Կարող ենք նույնն անել 20 տարի առաջվա դատական ակտի հետ, դուք կտեսնեք որակի վիթխարի, էական աճ»,- հավելեց նա: Այս պարագայում անչափ հետաքրքիր է մեկ այլ ցուցանիշ, որը հրապարակեց այսօր նախարար Հարությունյանը: Խոսքը ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ ընդունվող վճիռների  թվի կտրուկ ավելացումն է: Եթե 2013-ին կայացվել էր ընդամենը 2 վճիռ, ապա 2016-17 թվականներին ունեցել ենք 27 վճիռ:  Արյդո՞ք այս ցուցանիշը վկայում է դատական ակտերի որակի բարձրացման մասին… Ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ թմբիրում գտնվողների իրավագիտակցությունն է բարձրացել և հանրությունը այլևս չի պատրաստվում ուտել կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների «կուտը»: Իսկ այդ ընթացքում Հարությունյանը կարող է արդարանալու և առկա իրավիճակը արդարացնելու հազարավոր պատճառներ գտնել...

 

Ստելլա Խաչատրյան