ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեցին «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, խոսելով այս օրենքով կարգավորվող դրույթների մասին, ասաց, որ այս բարեփոխումներով չեն ցանկանում համոզել հասարակությանը, որ կրթական համակարգում առկա բոլոր խնդիրներն այս օրենքով լուծվելու են, սակայն օրենքը պիտի նախեւառաջ՝ չխոչընդոտի որևէ առողջ նախաձեռնության զարգացմանը։

Ըստ Մկրտչյանի՝ ՀՀ-ում բնակչության մոտ 51 տոկոսը ներգրավված է բարձրագույն կրթական համակարգում և թեեւ եվրոպական չափանիշներով ներքևի սանդղակում ենք, բայց մեր երկրի համար նորմալ կարգավիճակում ենք:

Մկրտչյանն ընդգծեց, որ ՀՀ բարձրագույն կրթական ոլորտն ամբողջ տարվա ընթացում այնքան ֆինանսավորում է ստանում, որքան ԱՄՆ առաջավոր համալսարաններից մեկի ֆակուլտետը՝ այդ պայմաններում կատարելով իր առջև դրված խնդիրները: 

«Այսօր մեզ հետ միասին նրանք մշակում են համալսարանական բարեփոխումների քարտեզը, որոնք պետք է իրականացնենք երեք տարվա ընթացքում: Օրենքի կարևոր մասերից մեկը 3 տարվա անցումային շրջանն է, որն անհարժետ է, որպեսզի համակարգը լուրջ բարեփոխումներ կատարի»,-նշեց նա:

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն, ի թիվս առաջարկվող այլ բացթողումների, նշեց, որ այս նոր օրենքով չի կարգավորվում ԲՈւՀ-երի ինքանավարության հարցը․ «Այս նախագծի մեջ կա կետ, որ  ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի կազմը ընտրելու է ՀՀ վարչապետը։ Հասկանալի է քաղաքական մեծամասնություն ներկայացնող ուժի նպատակը, բայց սա ուղիղ հակասում է ձեր այն նշած մարտահրավերին, ըստ որի պետք է ԲՈւՀ-ը լինի ապաքաղաքական։ Չի կարող բարձրացվել ԲՈւՀ-ի ինքնավարությունը, եթե վարչապետն է հաստատելու դրա կառավարման խորհուրդը»,-ընդգծեց Բախշյանը։