Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ պարտավոր են ապահովել համալսարանների անկախությունն ու բեռնաթափել համալսարանների բյուրոկրատական հատվածը:

«Սրա համար մենք փոխել ենք կառավարման ձևը, որի հիմքը դարձել է կրեդիտայինը: Ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Այս առաջարկը շատերի քնադատությանն է արժանացել, սակայն այն կբացառի մի շարք դրսևորումներ, օրինակ` մի քանի անգամ լիկվիդ մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջորդ կուրս չփոխադրվելը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով` եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս. «Այս դեպքում ուսանողը հաջորդ կուրս փոխադրվելուց հետո կրկին պետք է վճարի նախորդ տարի չհանձնած առարկան սովորելու և մոդուլը հանձնելու համար: Կսահմանվի տարեկան հավաքվող մինիմալ և մաքսիմալ կրեդիտ: Բակալավրի դեպքում, եթե ուսանողը full time ուսուցման համակարգում է, ապա նրան հնարավորություն է տրվում 4-6 տարվա ընթացքում ձևավորել իր աշխատանքային գործընթացը, եթե ավելի երկարատև ռեժիմի է անցնում, այսինքն՝ part time համակարգի, որը հեռակա ուսուցմանն է փոխարինելու, ապա մարդը կարող է 8 տարվա ընթացում հավաքել իրեն անհրաժեշտ կրեդիտների քանակը: Երբ ուսանողն իր գրաֆիկը կազմելուց կորոշի, որ 6 տարում պիտի ավարտի, ապա կսահմանվի, թե յուրաքանչյուր տարի մոդուլի համար որքան գումար պիտի վճարի»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ նաև վճարման համակարգը պիտի փոխվի, և ամենակարևորը՝ պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները. «Եթե ուսանողը չի հանձնում մոդուլը, ապա հաջորդ տարի նորից կվճարի, այդ մոդուլը կսովորի և կհանձնի իր հատվածը, ոչ թե դուրս կմնա հաջորդ կուրսից»,- նշեց Մկրտչյանը: