Երեւանի քաղաքապետարանում հայտնի միջադեպից հետո տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Երևանի քաղաքապետը աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաև այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ: Երեւանի ավագանու այս տարվա առաջին նիստը սկանդալային ընթացք ունեցավ: Քաղաքապետարանում աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ հանձնարարականները, ըստ էության, իջեցվում են՝ հնարավոր նմանատիպ դեպքերը բացառելու համար:

Միջազգային փորձը վկայակոչել սիրող հայ պաշտոնյաներից մեկն այսօր հայտարարել է, որ  վերոնշյալ միջազգային փորձից ելնելով՝ միշտ ավագանու նիստերը ձգտում են կատարել ավելի բաց և թափանցիկ, իսկ կառավարության նիստերը՝ փակ: Ավագանու նիստերը ավելի շատ նման են օրենսդիր մարմնի, քան գործադիրի: Ինչպես երևում է, քաղաքապետարանում այդ տեսակետը չեն կիսում և որոշել են հարցերը լուծելու նպատակով աչք փակել  միջազգային փորձի վրա:

Ակնհայտ է, որ սա շղթայական ռեակցիա է առաջացնելու, արդեն իսկ առաջացրել է և իշխանության այլ ստորաբաժանումներ նույնպես միջոցներ են ձեռնարկում, որպեսզի այդ փակ գործելաոճը որդեգրեն: Մասնավորապես, դա անչափ ձեռնտու է Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցին, որը վերջին շրջանում ավելի շատ գողական տարրերի սխոդկա  է հիշեցնում, քան Երևան քաղաքի ղեկավար մարմին: Ստացվում է՝ Մարգարյանը ցանկանում է բացառել ոչ թե նման դեպքերի կրկնությունը, այլ դրանց հրապարակումը: Այս պարագայում, իհարկե, դժվար է համաձայնել Դավիթ Հարությունյանի՝ գործադիրի նիստերը փակ դռների հետևում անցկացնելու որոշման պատճառաբանության հետ: Եթե մեր նախարարները տեսախցիկների առկայությունից քաշվում էին և չէին կարող բանավիճել կամ արտահայտել իրենց մտքի գոհարները, ապա Երևանի ավագանու անդամներին ԶԼՄ-ների և հանրային ուշադրության առկայությունը երբեք էլ չի խանգարել ինքնադրսևորվել :

 

Ստելլա Խաչատրյան