Այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ելք» դաշինքի կողմից մշակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ լրանում է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների 10-րդ տարելիցը, և իրենց խմբակցությունը ԱԺ-ին առաջարկում է ընդունել իրենց ներկայացրած հայտարարությունը:
 
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ, անդրադառնալով «Ելք»-ի հայտարարության 4-րդ կետին, ասաց, որ նման դատական ակտերը վերաբացելու հստակ չափանիշներ ու հիմքեր կան: 

Նշենք, որ 4-րդ կետով նշվում է՝ «ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել»:

«Արդյո՞ք գտնում եք, որ առկա են իրավական հիմքեր, որ գործերը վերաբացվեն, եթե այո, այդ դեպքում ինչո՞ւ որևէ մեկը չի գնում իրավական գործընթացի շրջանակներում, այլ Դուք, որպես ընդդիմադիր գործիչ, առաջարկում եք հայտարարությամբ հանդես գալ»,- ասաց նա:
 
Փաշինյանն էլ, պատասխանելով Կոստանյանին՝ ընդգծեց՝ 4-րդ կետով արտահայտում են իրենց հստակ քաղաքական դիրքորոշումը. «Այո՛, եթե լինի համապատասխան քաղաքական կամք, նույնիսկ միայն  իրավական կամքի դեպքում՝ կարելի է ավելին անել: Էս բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ, և ամբողջ Հայաստանով գոռալու ենք՝ «վայ նանի ջա՜ն, էս ի՞նչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու, ո՞ր դատավորին բռնենք-պատժենք, խայտառակ անենք»,- ասաց նա, ապա սկսեց անեկդոտ պատմել «սոխի մասին»:
 
Գևորգ Կոստանյանն ասաց՝ Մարտի 1-ը մեր երկրի պատմության ընթացքում ամոթալի հարց է և ամոթ է բոլորիս, որին Փաշինյանն արձագանքեց.

«Ես Մարտի 1-ի գործով դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման: Շատ է ասվում այդ շեշտադրմամբ, որ Մարտի 1-ը բոլորիս ամոթն է, ես, որպես այդ գործով դատապարտված անձ, Մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ, Մարտի 1-ը իմ ամոթը չի, Ձե՛ր ամոթն է: Չգիտեմ անձնապես Ձեր ներգրավվածությունը, բայց ասում եմ՝ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ»,- նկատեց Փաշինյանը: 

Քննարկումից հետո ՀՀԿ-ն դեմ քվերակեց «Ելք»-ի նախագծին, «Ծառուկյան» խմբակցությունը՝ ձեռնպահ: Կողմ էր միայն «Ելք»-ը: