Մեղրիում նոր սահմանային անցակետ կկառուցվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը:

Նրա խոսքով' ծրագիրը նախատեսվում է ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում: «Մեղրու գործող կետի շահագործմանը զուգահեռ կկառուցվի նոր սահմանային անցակետ, որը կբավարարի սահմանների կառավարման միջազգային չափանիշներին»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ արդեն իրականացվում է սահմանային անցակետի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:

«Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական միության կողմից տրամադրված միջոցների հաշվին»,-ասաց նա:

Մեղրու նոր սահմանային անցակետի նախագծային մի քանի տարբերակները առաջիկայում կդրվեն հանրային քննարկման: Նախագծերը կներկայացվեն նաեւ ճարտարապետների միություն, քաղաքաշինության կոմիտե, այնուհետեւ կհաստատվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: