Կառավարության որոշմամաբ նախատեսվում է ստեղծել ՀՀ Բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Գործադիրի փետրվարի 22-ի նիստում հաստատվեց նաև պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծի հանրապետության անտառների կայուն կառավարման և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառներում պետական միասնական քաղաքականության մշակման ու իրականացման արդյունավետության ապահովման համար:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահապնության նախարար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է անտառային կոմիտե, կառավարությունն էլ այսօր հաստատել է դրա կանոնադրությունն ու կառուցվածքը: Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարությունում ձեւավորվում է կենսառեսուրսների ու անտառային քաղաքականության վարչություն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասությունը փոխանցվում է նորաստեղծ կոմիտեին:

«Հաջորդ բլոկը վերաբերում է անտառային պահպանության ծառայությանը, որի վերաբերյալ օրինագիծը շուտով կներկայացվի Ազգային ժողով: Դրա նպատակն է ունենալ պարեկապահակային ծառայություն, որը կաշխատի 24-ժամյա ռեժիմով, հատուկ ծառայության կարգավիճակով, առողջապահական ու սոցիալական ապահովագրական ամբողջական փաթեթով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Մինասյանը տեղեկացրեց, որ այդ ծառայությունը կունենա վարչական միջոցներ գործադրելու իրավասություն՝ արգելելու, կանխարգելելու, իսկ ապօրինի անտառահատումների կամ ապօրինի որսի դեպքերում նաև ժամանակավորապես սահմանափակելու անձի ազատությունը, նրանից առգրավելու որսագործիքը կամ ապօրինի անտառահատման գործիքները: