Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ակնհայտ է համարում, որ Սումգայիթում հայերի ջարդերը եղել են կազմակերպված և տեղի են ունեցել այդ ժամանակվա Խորհրդային իշխանությունների թողտվությամբ պայմաններում: «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը, որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ պարտավոր ենք արձանագրել նաև, որ այդ ցեղասպան գործողությունների իրականացնողները և մտահաղացողները չեն հասել իրենց նպատակին:

«Այո, դա մեր ժողովրդի համար հերթական տրավման է եղել, սակայն այն նպատակը, որ դրվել էր և Խորհրդային իշխանությունների և ադրբեջանական իշխանությունների կողմից, չեն իրականացել, արցախյան շարժումը ծավալվել է, և Արցախն ազատագրվել է: Կարծում եմ, որ սումգայիթյան եղեռնագործության մասին խոսելիս շատ կարևոր է նաև սա արձանագրել, որ նախաձեռնողները իրենց նպատակին չեն հասել: Իսկ նպատակը շատ պարզ էր՝ կասեցնել արցախյան շարժման հետագա ծավալումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ֆարմանյանը:

Ֆարմանյանն ընդգծեց, որ Սումգայիթի ողբերգությանը, դրանից նախորդած և հաջորդած իրադարձությունները և հայտարարությունները խոսում են մի բանի մասին, որ Ադրբեջանում շարունակվում է իրենց ազգային ինքնագիտակցության տրանսֆորմացիայի մի հետ քրքիր գործընթաց, որտեղ հայատյացությունը առանցքային նշանակություն է ձեռք բերում: «Որքան էլ սա մեզ դուր չգա, պարտավոր ենք հաշվի նստել դրա հետ, որովհետև այլատյացության հիման վրա ազգային ինքնության տրանսֆորմացիան պատմականորեն բերում է շատ բացասական հետևանքների»,- ընդգծեց պատգամավորը: