ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2017 թվականին կատարված աշխատանքներն ու ներկայացրեց 2018-ի անելիքները:

Նախարարի խոսքով՝ ի թիվս այլ աշխատանքների՝ 2017 թվականին պետությունը տարածքներին տրամադրել է 5 մլրդ դրամ՝ ծրագերի իրականացման համար և բավականին միջոցներ էլ խնայել է (1,4 մլրդ դրամ), որոնք ուղղվել են մարզերում լրացուցիչ աշխատանքների իրագործմանը։

Լոքյանը տարին ամփոփելիս հիշեցրեց նաև, որ, սրանով հանդերձ, մազպետարաններն ու համայնքապետարանները պետք է անեն ամեն ինչ՝ ներդրումային ծրագրերն իրենց տարածք բերելու համար։

«2018 թվականին պետք է ներկայացնեն բյուջեներ, որտեղ բոլոր ծախսերը պետք է դրված լինեն բյուջեների վրա և լուրջ հիմքեր ունենք մտածելու, որ համայնքների ֆինանսավորման ընթացակարգը փոփոխության ենթարկենք։ Մենք պետք է անենք այնպես, որ համայնքները կարողանան շատ միջոցներ ապահովել և շատ գումար ստանալ, իսկ այսօր հակառակն է արվում՝ քիչ անում են, շատ ստանում։ Պետք է համայնքն ավելացնի իր սեփական եկամուտները և պետությունից ստանա ավելին՝ ավելիի դիմաց»,-ասաց Լոքյանը։ 

Նախարարի խոսքով՝ Կառավարությունը բյուջեի չորս տոկոսի չափով համայնքերին փող պետք է տա, որ համայնքները գոյատևեն․ «Դա մոտ 48 մլրդ դրամ է, բայց մենք ասում ենք համայնքին՝ դու քո սեփական և պետության տրամադրած միջոցներով ունես բյուջե։ Հիմա ծախսերը քչացրեք, շատ տարեք զարգացման ծրագրերին, ինչքան տանեք, մենք կկրկնապատկենք։ Նաև ասում ենք, որ եթե համայնքում կա տնտեսվարող, ով ուզում է վարկ ստանալ, ունի ծրագիր, և եթե  տվյալ ծրագիրը բանկից ստանա դրական կարծիք, պետությունն էլ կֆինանսավորի տրամադրվող վարկի 6 տոկոսը»։

Նախարար Լոքյանը նաև անդրադարձավ համայնքներում նախադպրոցական հաստատությունների տնօրենների օպտիմալացման հարցին՝ նշելով, որ այս կերպ պետությունը լուծում է կառավարման արդյունավետության հարցը։