Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ին հրավիրել էր արտահերթ նիստ՝ քննարկելու հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հայտարարության նախագիծը:

 Նիստի հիմնական զեկուցողհանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ են «Սումգայիթյան ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարությունն ընդունելուն: Նրա դիտարկմամբ՝ հայտարարությունը վերնագրված է Սումգայիթյան ոճրագործությունների անվանմամբ, բայց այնտեղ ներառված են Ադրբեջանի կողմից դրսևորված հայատյացության այլ դեպքեր եւս:

«Հայտարարության մեջ տեղ են գտել նաեւ Բաքվում և Շուշիում եղած ջարդերն ու առ այսօր տեղի ունեցող իրադարձությունները։ Փաստերը վկայում են, որ Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն է, որն ուղեկցվում է միջազգային իրավունքների, հատկապես հումանիտար իրավունքի խախտմամբ»,- նշեց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ գայթակղությունը մեծ էր ավելի կոշտ որակումներ տալ, սակայն  իրենք պահպանել են թե իրավական, թե քաղաքական լեզուն: Նա շեշտեց, որ հայտարարությունը մեծ մասամբ ուղղված է հենց արտաքին լսարանին:

«Հայտարարությունը նպատակ ունի լայն միջազգային հանրությանը տեղեկացնել՝ ակնկալելով, որ այն պատշաճ գնահատականի կարժանացնի փաստարկված իրադարձությունները»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նման քաղաքական հայտարարության անհրաժեշտություն կա, եւ որ այն կազմելուց առաջ խորհրդակցել են փորձագիտական հանրության հետ:

Հայտարարության նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 28-ին: