«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, որի արդյունքներից կախված կլինի Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Այս մասին, այսօր' մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը' հավելելով, որ իրենց առաջնորդ, նախագայի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը չի հանձնվում եւ շարունակում է պայքարը:

Րաֆֆի Հովհաննիսյանի' մարտի 10-ին հայտարարծ հացադուլի մասին լուրը Բախշյանին շոկի մեջ է գցել: «Նա իր վրա է վերցրել ժողովրդի հաղթանակի ամբողջական ճանաչմանը հասնելու խնդիրը: Երբեմն ես մտածում եմ' իսկ մենք արժանի՞ ենք այդ քայլին, որը նա անում է մեր բոլորի համար»,-ասաց «Ժառանգության» անդամը:

Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հեռանկարին Անահիտ Բախշյանը հոռետեսորեն է վերաբերում: «Վերջին 20 տարում Սահմանադրական դատարանը պաշտպանել է միայն գործող իշխանությունների շահերը եւ որեւէ որոշում չի կայացրել, որը կբխեր պետության շահերից»,-ասաց նա: