Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին, ընթանում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով բողոքի քննությունը:

Փետրվարի 26-ի դատական նիստին Սամվել Բաբայանը նշեց. «Ես մեղավոր չեմ, որ ձայնալսողները չեն կարողացել նորմալ ձայնալսել, որովհետև երբ տեքստը կարդում ես, տեքստի մեջ ևս նշվում է, որ երկու տեղ ասվում է ձայնագրույթունը չի լսվում: Կես ժամ ես խոսում եմ Սանասարի հետ, բայց երկու րոպեանոց ձայնագրություն են տրամադրել ձեզ: Նրանք փորձում են կոնտեքստից հանած տողերով հաստատել իրենց մեղադրանքը, Դուք էլ պահանջում եք ինձ լռել, ընդունել դա»,- դատարանին դիմեց Բաբայանը:

Նախորդ նիստում դատարանը բավարարել էր Բաբայանի միջնորդությունը և դատարան էր բերել «Իգլայի գործով» առանցքային դերակատարում ունեցած Ռոբերտ Աղվանյանին, ով, ըստ գործի նյութերի՝ վաճառել է «Իգլան»: 
 
Ռոբերտ Աղվանյանն առաջին ատյանի դատարանում ցուցմունք չէր տվել, քանի որ այդ ժամանակ Վրաստանում ձերբակալված եղել: Իսկ այժմ կալանքի տակ է Հայաստանում և նրա գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը բողոքում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ՝ պահանջելով արդարացում:

Այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը ևս դիմել է Վերաքննիչ դատարան՝ իրեն արդարացնելու համար:

Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը տեղեկացրել էր, որ դիմել են Վերաքննիչ՝ պահանջելով Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ և կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: