Թուրքական զորքերը խորացան Սիրիայի ուղղությամբ, և սա բացահայտ ագրեսիա է, որի ընթացքում քաղաքական գործընթացները նոր զարգացում ստացան, իսկ այդ ագրեսիայի դեմ աշխարհը աչքերը փակեց և չեղավ որևէ լուրջ գնահատական։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Վերջինիս խոսքով, սակայն, Սիրիայում ընթացող գործողություններում առկա է նաև դրական տեղաշարժ․ «Սիրիայի իրադրության զարգացման մեջ առկա են դրական միտումներ, քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հնարավոր եղավ միաձայն ընդունել բանաձև մեկ ամսով ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, և սա նշանակում է, որ հիմնական խոշոր խաղացող երկրների միջև Սիրիայում ձեռք է բերվել որոշակի համաձայնություն, ինչը հուսադրող է։ Ամերիկյան և ռուսական կողմը ևս կարողանում են որոշակի համաձայնության գալ և կարողանում են նաև դա պահպանել։ Գործում է կամիր գծերի քաղաքականությունը։ Դրվում է կարմիր գիծ, որն անցնելու դեպքում տեղի են ունենում բախումներ, ինչպիսին եղավ, օրինակ, Իսրայելում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։ 

Անդրադառնալով թուրք-սիրիական հակամարտության հնարավոր զարգացումներին՝ Սաֆրաստյանը նշեց, որ այս հարցում նշմարվում են որոշակի կոմպրոմիսային տարբերակներ, և դա հնարավորություն կտա զսպել թուրքիայի առաջխաղացումը Սիրիայում․ «Այս խնդիրը թուրք-ամերիկյան կարգավորման հարց է, և այժմ տեղի են ունենում համատեղ բանակցություններ Թուրքիայում, ԱՄՆ-ում և Սիրիայում, և սպասվում է, որ այս տարվա մարտին որոշակի ավարտուն տեսքի կբերվեն այդ բանակցությունները և մարտին հնարավոր կլինի կանգնեցնել թուրքական ագրեսիան Սիրիայում»։ 

Այսքանով հանդերձ, սակայն, Ռուբեն Սաֆրաստյանն ընգծեց Թուրքիայի՝ Սիրիայում ունեցած մասշտաբային նկրտումների մասին՝ հույս հայտնելով, որ դրանք երբեք չեն իրականանա․ «Թուրքիայի վերջնական նպատակն է ստեղծել 30 կմ խորությամբ անվտանգության գոտի՝ Սիրիայի հետ սահմանին, և դա նշանակում է՝ 25 հազար կմ տարածությունը դարձնել անմարդաբնակ, իսկ դա էլ իր հերթին նշանակում է՝ ոչնչացնել այդ տարածքում ապրող բնակիչներին, ոչնչացնել նրանց, իսկ եթե դա տեղի ունենա, ապա ականատես կլինենք Թուրքիայի կողմից հերթական ցեղասպանության իրագործմանը»։ 

Խոսելով ադրբեջանա-թուրքական մերձեցման և Թուրքիայի կողմից եղբայր Ադրբեջանին ընդդեմ Արցախի լարելու մասին՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ թեև այս պահին Թուրքիային ձեռնտու չէ ակտիվություն դրսևորել Ղարաբաղի հարցում, սակայն չի բացառվում, որ Թուրքիան կօգտագործի Ադրբեջանը՝ որպես իր ազդդեցության տակ գտնվող ուժ և կսրի իրավիճակը մեր տարածաշրջանում, որպեսզի ցրի աշխարհի ուշադրությունը Սիրիայի վրայից։ 

«Աշխարհաքաղաքական խաղը սկսվել է և այն ընթանում է մեծ պետությունների միջև: Նրանք շատ մեծ նպատակներ ունեն, իմաստ չունի, որ մենք մտնենք այդ խաղի մեջ։ Մեր հիմնական նպատակն  է մեր հայրենակիցներին  օգնել, եթե պետք է՝ նրանց բերել այստեղ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը և հավելեց, որ Հայաստանը չպետք է մտնի մեծ խաղի մեջ, հակառակ պարագայում՝ կարող է մնալ այդ խաղի տակ։ 

Աղավնի Սուքիասյան