Պետեկամուտների կոմիտեի կայքում առաջիկայում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը` գոհունակությամբ փաստելով, որ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն այսօր տևում է միջինում 20 րոպե: «Բիզնես միջավայրի բարելավման նպատակով 2017 թվականից կիրառվում է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: Ինչպես գիտեք, առկա են նոր ավտոմեքենաների գները, իսկ բանաձևի միջոցով հաշվարկվում են նաև տարբեր տարեթվերի մեքենաների արժեքները: Արդեն առաջիկայում հասանելի է լինելու նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը` հավելելով, որ հետագայում հնարավոր կլինի նաև մաքսային վճարների հաշվարկն ավտոմատ կատարել:

Ինչպես նշեց պաշտոնյան, շարունակաբար թարմացվում է շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, քանակների, ներմուծողների թվի և գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ կայքում տեղադրված տեղեկատվությունը: «Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում: Petekamutner.am կայքում ամեն ամիս հրապարակվում է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: Գործարքի գնի մեթոդի կիրառության տեսակարար կշիռը կազմում է ­­­­68 տոկոս»,-հայտնեց Սամվել Ավետիքյանը: