Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կուժեղացվի հետբացթողումային ստուգումների վարչությունը: Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով էլ կավելացվի «կապույտ ուղի» ընթացակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը: «Լուծարվում է նախաբացթողումային հսկողության վարչությունը, որովհետև մաքսային հսկողության առումով էական է, որ մաքսային ձևակերպման ու ապրանքների զննման փուլից մաքսային գործառույթները տեղափոխվեն նախորդող և հաջորդող փուլեր: Մաքսային մարմինները ոչ թե մաքսային հայտարարագիր լրացնող են, այլ փաստաթղթային գործառույթներ կատարող և հայտարարագիր ընդունող մարմին են»,-ասաց պաշտոնյան:

Ավետիքյանի խոսքով' ներկայում գործում են «կանաչ, դեղին և կարմիր ուղի» ընթացակարգերը, իսկ «կապույտ»-ը կծառայի որպես հետբացթողումային ստուգման փուլ: «Կանաչ ուղի» ընթացակարգում ոչ փաստաթղթային, որ ապրանքների փաստացի ստուգում տեղի չի ունենում: «Դեղին»-ը ենթադրում է փաստաթղթային ստուգում, իսկ «կարմիր»-ը փաստաթղթային ու ապրանքների մանրակրկիտ ստուգում: Իսկ երբ փաստաթղթերը նորմալ են, բայց կան ռիսկային հարցեր, որոնք հետագա ճշգրտման կարիք ունեն, կընտրվի «կապույտ ուղի» ընթացակարգը: Այսինքն' ապրանքները բաց են թողնվում «կանաչ ուղի» ընթացակարգով առանց ստուգման, բայց հետագայում անպայման իրականացվում է հետբացթողումային, արտագնա ստուգում: Դա կարող է լինել ապրանքը բաց թողնելուց հետո պահեստում ապրանքների հաշվարկ-նույնականացման, ինչպես նաև իրացումից հետո հաշվապահական փաստաթղթերի ստուգման տեսքով»,-պարզաբանեց Սամվել Ավետիքյանը:

Նրա տեղեկացմամբ' վերջին 3-4 ամսվա ընթացքում 70 տոկոսից ավել «կանաչ ուղի» ընթացակարգի ընտրողականություն են արձանագրել, որը նախատեսում են հասցնել մինչև 90 տոկոսի' դրա արդյունքում նվազեցնելով նաև «կարմիր ուղու» տեսակարար կշիռը ստուգումների գործընթացում: «Ռիսկ պրոֆիլների հետ անընդհատ աշխատանք պետք է կատարվի, հետագայում դա նաև պետք է կապենք հարկային բազայի հետ, որպեսզի այն տնտեսվարողները, որոնք օրինական հարկ վճարողի ստատուս ունեն, մաքսային առումով ևս ունենան որոշակի արտոնություններ»,-ավելացրեց ՊԵԿ փոխնախագահը: