ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցեն Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Բեռլինյան այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի, ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔԴՄ խմբակցության անդամ Գունթեր Քրիխբաումի, ինչպես նաեւ ԳԴՀ Կանցլերի աշխատակազմի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը համակարգող վարչության պատասխանատու պաշտոնյաների հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ներկա փուլում, խորհրդարանական դիվանագիտության մեջ մեծապես կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան - ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ նմանատիպ քննարկումների անցկացումը»,-այցի առնչությամբ նշել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: