Սիրիայի դեմ թուրքական ագրեսիայով պայմանավորված սիրիական կոնֆլիկտի լուծման քաղաքական գործընթացները մեծ հարված ստացան: Թուրքական զորքերը Աֆրինի ուղղությամբ խորացան Սիրիայի տարածք: Սա բացահայտ ագրեսիա է, և աշխարհն աչքերը փակեց դրա վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը' անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

«Թուրքական գործողությունների որևէ լուրջ դատապարտում չեղավ ոչ խոշոր երկրների, ոչ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Թուրքիայի այս գործողությունը մեծ հարված էր սիրիական հարցով պայմանավորված խաղաղ գործընթացին: Մյուս կողմից՝ Սիրիայում առկա իրադրության զարգացման մեջ ես դրական միտում եմ տեսնում: Այն է' ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում միաձայն ընդունվեց բանաձև, որով մեկ ամսով ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա' սա խոսում է այն մասին, որ Սիրիայում հիմնական խաղացողների միջև ձեռք է բերվել որոշ առումով համաձայնություն: Թուրքագետն այս հուսադրող միտումը կապում է այն հանգամանքի հետ, որ ամերիկյան և ռուսական կողմերը որոշ առումով կարողանում են համաձայնության գալ և այն պահել:

«Սիրիայում սկսում է գործել կարմիր գծերի դիվանագիտությունը: Այսինքն' որոշակի շրջանակներում հիմնական խաղացողներին հնարավորություն է տրվում իրենց նպատակներն իրականացնել' դնելով կարմիր գիծ, որը չպետք է անցնել: Կարծես, թե դեռևս հնարավորություն կա Թուրքիայի ագրեսիան որոշակի շրջանակի մեջ պահելու առումով: Ի՞նչ նկատի ունեմ' այս ասելով: Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել էր, որ հաջորդ հարվածը հասցվելու է Մամբիջի ուղղությամբ: Բայց Թիլերսոն-Էրդողան բանակցություններից հետո հույս կա, որ հնարավոր կլինի գտնել փոխզիջումային տարբերակ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, ապա թուրքագետը նշեց, որ այդ խնդիրն իջեցվել է մեկ մակարդակ ավելի ցածր. Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի են ունենում խառը խմբերով բանակցություններ: Սպասվում է, որ մինչև մարտի կեսերը բանակցությունները կավարտվեն, և հաջողությամբ պսակվելու դեպքում ինչ-ինչ որոշումներ կընդունվեն ավելի բարձր մակարդակով: Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ հաջողվեց գոնե մինչև մարտի կեսերը թուրքական ագրեսիան կանգնեցնել Սիրիայի նկատմամբ:

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիայի վերջնական նպատակն է 30 կմ խորությամբ դեպի Սիրիա ամբողջ սահմանին ստեղծել անվտանգության գոտի, այսինքն՝ այդ տարածքը դարձնել անմարդաբնակ, ինչը նշանակում է տեղահանել, վռնդել տեղի քրդական բնակչությանը: «Եթե դա տեղի ունենա, ապա մենք կարող ենք ասել, որ 21-րդ դարում ականատես կլինենք Թուրքիայի կողմից ևս մեկ ցեղասպանական քաղաքականության»,-հավելեց նա: