2011 թվականից Իջևան համայնքը ղեկավարող Վարդան Ղալումյանը 2017 թվականի հոկտեմբերի 10-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Իջևան համայնքի ղեկավարը տիրապետում է շատ քիչ դրամական միջոցների, իսկ անշարժ գույքի, շքեղ առանձնատան մասին խոսելը նրա պարագայում ավելորդ է։

Եվ այսպես, պաշտոնյան պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է ընդամենը երկու մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց՝ DAEWOO MAGNUS 2.0 և MERCEDES-BENZ ML320 CD մակնիշների: 

Ղալումյանը չի հայտարարագրել ո՛չ անշարժ գույք, ո՛չ  արժեթղթերի և ներդումների մասին որևէ տեղեկություն:

Ղալումյանի թվազուրկ հայտարարագրում տեղ գտած միակ թիվը նրա աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների մասին է վկայում, որոնք կազմում են ընդամենը 1,959,120 հազար դրամ:

Այս հայտարարագրից ամիսներ անց` 2018 թվականի փետրվարին Ղալումյանը ներկայացրել է նոր հայտարարագիր, որտեղ հայտարարագրել է միայն աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումները, որոնք կազմել են  3,774,208 ՀՀ դրամ:

Այս հայտարարագրում Ղալումյանն անգամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նշենք, որ նախքան համայնքի ղեկավար դառնալը Ղալումյանը եղել է անհատ ձեռնարկատեր,  Տավուշի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, քաղաքաշինական պետական տեսուչ:

Աղավնի Սուքիասյան