«Ժամանակ» թերթը գրում է.

«Կձեւավորվի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքական լայն ընդդիմադիր ճակատ, ովքե՞ր կմիավորվեն այդ ճակատի ներքո, եւ կլինի՞ քիչ թե շատ տեսանելի ու շոշափելի հրապարակային բողոքի շարժման գործընթաց, թե՞ ոչ: Ներկայումս, 2018-ի ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության դիլեմային միանում է նաեւ դրա, այսպես ասած, հնարավոր կամ անհնարին հակազդեցության դիլեման: Ներկայումս այդ հեռանկարի դեմ պայքարի մասին հայտարարում է խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, նաեւ արտախորհրդարանական ուժեր, համենայնդեպս, օրինակ, «Ժառանգությունը»: Կլինի՞ «Ժառանգության» եւ «Ելք»-ի միավորում այդ նպատակի շուրջ՝ հրապարակում: Եվ է՞լ ինչ ուժեր կմիանան հնարավոր այդ գործակցությանը:

Այստեղ, սակայն, նախ հարց է, թե «Ելք»-ն ինքնին ինչ մոտեցում է ունենալու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում՝ Ազատության հրապարա՞կ, թե՞ այսպես ասած «ԱԺ լսումներ» ֆորմատ: Բանն այն է, որ այդ տեսանկյունից օրեր առաջ արձանագրվեց հետաքրքիր տարամիտում, նուրբ տողատակով: «Ելք»-ը լսումներ էր նախաձեռնել Մարտի 1-ի թեմայով: «Ելք»-ի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը լսումները հռչակեց «պատմական» հաջողություն, հայտարարելով, թե դա նոր ընդդիմության նոր մեթոդաբանություն է, որով քայ առ քայլ գնալու են առաջ:

Էդմոն Մարուքյանի այդ ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ, «Ելք»-ի մեկ այլ առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանը իր գրառումն արեց, որ ընտանիքում քննարկել է նախնական պլանը եւ ստացել Ազատության հրապարակ գնալու հավանություն: Երկու ուշագրավ գրառում, ըստ էության, տարբեր ուղղություններով գնալու մասին, համենայնդեպս, նվազագույնը պատկերացումների մասին, ինչը, ըստ էության, հայտնի ժողովրդական խոսքի շրջանակում հնարավոր է ձեւակերպել, որ կարող է կոծկվել առավելագույնը «40 օր»:

Եթե որեւէ քաղաքական դաշինքում կան մեթոդաբանության եւ ճանապարհի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ եւ պատկերացումների տարամիտում, ապա դրանք մի օր անպայման դառնալու են իրականություն, հատկապես երբ խոսքը հավասարազոր առաջնորդների եւ թիմերի միջեւ եղած տարբերության մասին է: Իսկ առնվազն ֆեյսբուքյան գրառումների մակարդակում այդ տարբերությունը «Ելք»-ի դեպքում ակնառու է, ինչը հարց է առաջացնում, թե նախ որեւէ հրապարակային միավորում նախաձեռնելը կամ դրա մաս դառնալը, «Ելք»-ն ինքն ունենալո՞ւ է առողջ միավորվածություն տվյալ մեթոդաբանության շուրջ: Սակայն ամենաառանցքայինը թերեւս այն հարցն է, թե կմիանա՞ այդ հնարավոր գործընթացին իշխանությունը, իշխանության որեւէ թեւ, եւ ո՞ր թեւը կմիանա: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ինքը որեւէ կերպ կմիանա՞ իր վարչապետության դեմ հնարավոր հրապարակայաին բողոքի կամ պայքարի դրսեւորումներին:

Ի վերջո, կա հայտնի մեկ այլ ասույթ՝ չես կարողանում հաղթել, ընկերացիր: Իսկ Սերժ Սարգսյանը, կամ իշխանությունն ընդհանրապես, Հայաստանում այդուհանդերձ ունի այդպիսի մոտեցումներով առաջնորդվելու փորձ: Սերժ Սարգսյանը 2008 թվականից ի վեր Մարտի 1-ի ծանր բեռով եւ տնտեսական ծանր կացությամբ իրավիճակում նախագահությունը գործնականում պահել է հենց այդ տրամաբանության կամ մեթոդաբանության լայն եւ բազմաբնույթ, բազմաձեւաչափ կիրառումով՝ թե՛ ուղղակի, թե՛անուղղակի, թե՛ հիբրիդային տարբերակներով «ընկերանալով» իր մրցակիցների կամ քաղաքական հակառակորդների հետ, քաջ գիտակցելով, որ անգամ տվյալ պահին իր համար ոչ այնքան բարենպաստ պայմաններով միանալու դեպքում էլ իր «ընկերանալը» նրանց, հետո հարվածելու է հենց նրանց, քան իրեն:

Այդ հաշվարկը Սերժ Սարգսյանի դեպքում տասը տարի աշխատել է գրեթե անվրեպ:

Ըստ այդմ, դատելով տասնամյակի այդ տրամաբանությունից, միանգամայն հիմնավոր կերպով առկա է հարց՝ Սերժ Սարգսյանը կմիանա՞ իր վարչապետության դեմ հրապարակային որեւէ բողոքի, ի՞նչ ձեւով կորոշի միանալ՝ ուղղակի՞ իմաստով, առաջարկելով, ասենք, հանդիպել եւ քննարկել, թե՞ անուղղակի՝ երբ միավորմանը կմասնակցեն ուժեր, որոնց մերժելը հրապարակի «առաջնորդներին» հնարավոր չի լինի, բայց որոնք, սակայն, գործնականում տարբեր առումներով կաթվածահար կանեն գործընթացը, ոչ թե կդարձնեն այլ ավելի ուժեղ: Իհարկե Սարգսյանի վերաբերմունքը թերեւս պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե որքանով կարող է խնդրահարույց հեռանկար առաջանալ հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում