Փետրվարի 26-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի քաղաքային աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը պարզվել է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նորածնի մոր ինքնությունը պարզվել է, նա Մեծամորի բնակիչ է, 37 տարեկան»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ նշեց, որ ներկայում պետք է պարզվի, թե ինչի հետևանքով է երեխան մահացել. գործ ունենք հանցավոր դրսևորմա՞ն հետ, թե՞ երեխան մահացած է ծնվել:

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ սա կնոջ 7-րդ երեխան էր, նախկինում կորցրել է երեխաներից երկուսին ևս, իսկ մյուսներն առողջական խնդիրներ ունեն: 

Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական- օպերատիվ խումբը: 

Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել էր արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Սոնա Հարությունյան