Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը Բարձրագույն դատական խորհդի անդամի պաշտոնում է առաջադրել նախկին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին: 

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Դանիելյանին հարցրեց՝ արդո՞ք իրեն առաջադրած ուժի ներկայացուցիչներն, ովքեր տարբեր տարիների հայտնվել են բանտերում, քաղբանտարկյալներ են՝ մասնավորեցնելով Արմեն Ռուստամյանին, ով այդ պահին մուտք էր գործում Ազգային ժողովի նիստերի դահլիճ:

Դանիելյանն իր պատասխանով բացառեց Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին Փաշինյանի պնդումը՝ դրա համար բերելով իրավական տարբեր ձևակերպումներ և նշելով, որ իր՝ նախարար աշխատած տարիներին իր հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել բոլորին:

Գևորգ Դանիելյանը չհասցրեց պատասխանել Արմեն Ռուսատամյանի՝ քաղբանտարկյալ լինելու մասին հարցին, քանի որ նիստը վարող Արփինե Հովհաննիսյանն ընդհատեց նրա խոսքը՝ հիշեցնելով, որ ժամանակը սպառվել է:

«Արմեն Ռուստամյանը եղել է քաղբանտարկյա՞լ, թե՞ հանցագործ, որի համար նրան դատել եք»,-Փաշինյանի հարցը կրկնեց ԵԼՔ-ից մեկ այլ պատգամավոր՝ Արարատ Միրզոյանը; 

«Ցանկացած անձի վերաբերյալ սպառիչ պատասխան տալու համար պատասխանը կլինի դիլետանտություն և այդպիսի գնահատականները չեն կարող բնորոշ լինել ինձ: Որևէ մեկը չի կարող քաղաքական գնահատականներ տալ այն հարցերին, որոնք իրավական բնույթի են, և ոչ մի նախարար չի կարող իրավական գնահատական տալ»,-ասաց Դանիելյանը, որին հաջորդեց Արարատ Միրզոյանի հետևյալ դիտարկումը. «Պարո՛ն Դանիելյան, Դուք Բարձրագույն դատական խորհդի անդամ լինելու դեպքում էլ եք տալու նման ոչինչ չասող պատասխաններ»: