ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ եթե կուսակցությունը որոշի վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նա ընդունի կայացված քաղաքական որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում փետրվարի 27-ին մեկնարկած խորհրդարանական հերթական քառօրյա նիստի ընթացքում նման հայտարարություն արեց ՝ պատասխանելով ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի հայտարարության մասին, ըստ որի՝ նա այլեւս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, եւ եթե վերջնական քննարկումների արդյունքում նրա ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, այսինքն՝ խորհրդարանական կառավարման մոդելը, ապա նա նաեւ չի հավակնի վարչապետի պաշտոնին:

«Սերժ Սարգսյանը, բացի Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ լինելուց, շարքային կուսակցական է եւ պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Բնականաբար, ես լուրջ եմ վերաբերվում ՀՀ նախագահի յուրաքանչյուր հայտարարությանը, բայց պետք է նկատի ունենալ, որ մենք հավանականություններով եւ ցանկություններով առաջ չենք շարժվում: ՀՀԿ-ն այսօր վերցրել է երկրի եւ ժողովրդի պատասխանատվությունը, եւ մենք պետք է գտնենք նպատակահարմար, թե ով է կարող է այդ ղեկը ստանձնելու»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը եւ հավելեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է հայտարարություն եւ կարծիք հնչեցնելու հարցում, սակայն յուրաքանչյուր պարկեշտ քաղաքական գործիչ պարտավոր է ենթարկվել քաղաքական որոշումներին: