ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը:

Պարոն Կարպենտյերը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:

Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել ավիաընկերությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն չվերթների կազմակերպման հարցում՝ նշելով, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթների բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընլայնման համար:

Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթների կազմակերպման հարցում:

Գլխավոր վարչությունը կազմակերպել է նաև ավիաընկերության պատվիրակության հանդիպումները բոլոր շահագրգիռ կողմերի և ծառայությունների հետ՝ տեխնիկական հարցերի քննարկման նպատակով: