Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ է Կառավարությունն անտեսում ԱԺ պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումն ու ձգձգում է զոհված զինծառայողների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների աշխատանքային արտոնության մասին հարցի լուծումը։ 

«Արդեն մեկ ամսից ավելի է անցել այն պայմանավորվածությունից, որ մենք ունեցանք Կառավարության ներկայացուցչի հետ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որպեսզի շատ մոտ ապագայում՝ տասնօրյա ժամկետում, Կառավարությունից ակնկալենք համատեղ քննարկում՝ զոհված ազատամարտիկների կամ հաշմանդամների ընտանիքների աշխատանքային արտոնությունների վերաբերյալ»,-ասաց պատգամավորը և նշեց, որ արդեն անցել է մեկ ամսից ավելի և իրենք չգիտեն՝ Կառավարությունը խոստումը կատարելո՞ւ է, թե՞ ոչ։

Պետրոսյանը վարչապետից ակնկալեց հուզական չեզոքություն ապահովող պատասխան։

«Հիմա ուզում եմ իմանալ՝ կտրե՞նք մեր հույսը նրանից, որ Կառավարութունը պետք է հարգանքով վերաբերվի ընդդիմության ներկայացրած նախագծերին»,- հարցրեց պատգամավորը։ 

Թեև հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Կարապետյանին, սակայն պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և նշեց, որ այս խնդրի լուծումը ներառված է մեկ այլ օրենքի նախագծում, և իրենք առաջարկում են շատ ավելի լիարժեք կարգավորում վերը մատնանշված խնդրի վերաբերյալ՝ պատգամավորին հրավիրելով մասնակցելու առաջարկվող նախագծի քննարկմանը։ 

Նախարարի պատասխանին արձագանքեց Գևորգ Պետրոսյանը և նշեց, որ հարցի հուզական չեզոքության մասն ապահովվեց, իսկ ուղղակիության մասն այդպես էլ բաց մնաց։ 

Աղավնի Սուքիասյան