Դեղատոմսերի կիրառման անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ բժշկական հասարակայնության կողմից: Սակայն քննարկման առարկա են դրա ներդրման մոտեցումները, անհրաժեշտ է նախապես համակարգը պատրաստել փոփոխությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

«Դեղերը դեղատոմսերով բաց թողնելը միանշանակ օգուտ է բնակչությանը: Այդ պարագայում մենք կունենանք դեղամիջոցի ճիշտ ընտրություն, անհարկի դեղամիջոցներից պաշտպանվածություն: Առանց դեղատոմսի անգամ փոքրիկ դեղաչափերի ոչ ճշգրիտ փոփոխությունները և այլ դեղամիջոցների հետ ոչ ճիշտ համակցումները կարող են վնասել առողջությանը: Իսկ հակաբիոտիկների անհարկի կիրառության պատճառով հաճախ առաջանում է դրանց նկատմամբ դիմացկունություն: Եվ դեղատմսային մոտեցումը միանշանակ ճիշտ կլինի, ողջ աշխարհն է արդեն անցել դրան: Սակայն կա նաև հարցի երկրորդ կողմը՝ արդյոք ճիշտ ժամանակի՞ն է այս կարգը ներդրվում: Ըստ իս՝ ճիշտ կլիներ նախ համակարգը պատրաստել փոփոխությանը: Պետք է կարողանանք գնահատել բոլոր ռիսկերը, խութերը, գտնել դրանց հաղթահարման ուղիները, ներդնել գործիքակազմը, հետո նոր անցնել դեղատմոսային կարգին»,-ասաց Զելվեյանը:

Նրա խոսքով՝ բոլորն օգտվում են առաջնային օղակից: Եվ յուրաքանչյուր բժիշկ այդ օղակում աշխատում է չափազանց ծանրաբեռնված: «Եթե նախկինում բժիշկը սպասարկում էր 20 հոգու, հիմա պետք է սպասի 40-ին: Դժգոհություն է առաջանալու նաև հիվանդների շրջանում: Մասնագետը ֆիզիկապես ի վիճակի չի լինելու բավականին որակյալ սպասարկում իրականացնել: Այդ պատճառով պետք է վերանայվեն բժիշկների նորմատիվները, շատացվի նրանց քանակը, նվազեցվի ծանրաբեռնվածությունը, հետո նոր մտցվի դեղատոմսային համակարգը»,-ասաց Զելվեյանը:

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը ևս կարծում է, որ դեղերի մեծ մասը դեղատոմսերով բաց թողնելը շատ ճիշտ մոտեցում է: «Համալսարանում մենք ունեցել ենք հատուկ առարկա, որով դեղատոմս դուրս գրել ենք սովորել: Մի որոշ ժամանակ ինչ-ինչ հանգամանքներից կախված այդ մշակույթը վերացել էր, սակայն ներկայում վերադառնում ենք դրան: Դեղերի մի մասը՝ 1060 դեղ, որոնք տրամադրվում էին առանց դեղատոմսի, այդպես էլ պահպանվելու են»,-ասաց նա:

«Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ԲՀԿ ղեկավար Մերի Խաչիկյանի կարծիքով՝ նոր համակարգի շնորհիվ մարդիկ այլևս չեն զբաղվի ինքնաբուժությամբ: Սակայն, կարծում է, ժամանակ է անհրաժեշտ, որ մարդիկ պատրաստվեն փոփոխությանը:

Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:

Հայաստանում գրանցված 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը դեղատներում կվաճառվեն բացառապես դեղատոմսով: