Ազգային ժողովում այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությն ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը և միակ թեկնածու Արմեն Սարգսյանի կենսագրությունը. «Այսօր պատմական օր է. ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին, պատիվ ունեմ ՀՀԿ և ՀՅԴ անունից ներկայացնել ՀՀ նախագահի 4-րդ թեկնածուին»։

Իր ելույթում Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից միաձայն առաջադրված թեկնածուն է՝ ներկայացնելով նրա կենսագրականը և հավելեց, որ այն ավելի հարուստ է, քան կարելի է ներկայացնել:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը դժգոհեց հանգամանքից, որ բացի կենսագրականը ներկայացնելը, իրենց չի ներկայացվել այնպիսի հիմնավոր փաստաթղթեր, որոնք կապացուցեին, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացի է՝ բացառելով Բրիտանիայի քաղաքացիությունը։ 

Վահրամ Բաղդասարյանն այս դժգոհությանն ի պատասխան՝ խորհուրդ տվեց անհասկանալի հարցերի պարագայում դիմել Սահմանադրական դատարան։ 

Զեյնալյանն էլ շտապեց իր հերթին խորհուրդ տալ Վահրամ Բաղդասարյանին՝ պահանջելով իրենց Սահմանադրական դատարանի դուռը ցույց չտալ, քանի որ դա ժողովրդավարության պահանջներից չի բխում։

«Մենք խնդրում ենք, որ ապահովեք մեր ընտրական իրավունքը, խնդրում ենք հրապարակել այդ փաստաթղթերը, որպեսզի մենք առաջ գնանք»,-ասաց Զեյնալյանը։ 

Զեյնալյանի պահանջին ի պատասխան՝ Բաղդասարյանը խորհուրդ տվեց բառախաղի չվերածել և այն, ինչն իրենց չի բավարարում, կարող են լուծել՝ դիմելով պատկան մարմիններին և անել համապատասխան հարցումներ։ 

Բանավեճին միջամտեց Արփինե Հովհաննիսյանը՝ քարտուղարությունից շտապ բերելով տեղեկանքներ, ըստ որոնց, Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում եղել է ՀՀ-ի քաղաքացի, պնդելով, որ Ազգային ժողովի քարտուղարությունը չէ այս տեղեկանքը տրամադրող մարմինը։ 

Տեղեկանքները ստանալուց հետո ԵԼՔ-ականները պարզեցին, որ դրանցում առկա են տեխնիկական խնդիրներ, ինչի համար Արա Բաբլոյանն էլ իր հերթին՝  խոստացավ նկատողություն անել ԱԺ քարտուղարությանը։