Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի և Գյումրիի մուտքերի ու ելքերի բարեկարգման վերաբերյալ հանձնարարական տվեց: «2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էինք քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը։

Հաշվի առնելով, որ հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել բարեկարգման աշխատանքները՝ հանձնարարում եմ Ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-ասաց վարչապետը:։

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը Գյումրու քաղաքապետին առաջարկեց առավելագույնը 2-ամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել՝ «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը։